Այս տարի Հայաստանում ավելացել է կաթի արտադրության ծավալը, և դրան զուգահեռ թարմ կաթը թանկացել է:
Այսպես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի, հուլիսին ` անցած տարվա հուլիսի համեմատ կաթի արտադրության ծավալն ավելացել է 5.5 տոկոսով: Բայց միաժամանակ թարմ կաթի գինը նույն ժամանակում բարձրացել է 20.7 տոկոսով: Սա կարելի է բացատրել կառավարության վարած քաղաքականությամբ, որով բարձր պահելով կաթի մթերման գինը` ցանկանում են խթանել կաթնատու անասնապահությունը:
Կաթի արտադրությամբ առաջատարը Գեղարքունիքի մարզն է, որին բաժին է ընկնում հանրապետությունում արտադրված կաթի մոտ 18 տոկոսը: Այստեղ կաթի արտադրությունը մեկ տարում ավելացել է 2.5 տոկոսով: Արտադրության ծավալով երկրորդ տեղում Շիրակն է, այնուհետև` Արագածոտնը: Այս երկու մարզերում արտադրության ծավալն ավելացել է 7.6 և 3.8 տոկոսով:
Աճով առաջին տեղում Կոտայքի մարզն է, որտեղ մեկ տարում կաթի արտադրությունն ավելացել է 16.1 տոկոսով: Հանրապետության ոչ մի մարզում կաթի արտադրության ծավալն այդ ընթացքում չի նվազել, և բոլոր մարզերում էլ կաթի գինը բարձրացել է:











































