Արքայազն Հարիի և Մեգան Մարքլիի հարսանիքին մոտ 600 հյուր ներկա կլինի. հրավիրատոմսերն արդեն ուղարկված են՝ տեղեկացնում է Harper’s Bazaar-ը:
Փեսացուի կողմից ծիսակատարությանը ներկա կլինեն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ում հետ արքայազնը բարեկամական հարաբերությունների մեջ է, նրա կինը՝ Միշել Օբաման, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի արքայադուստր Վիկտորյան և Իսպանիայի թագավորական ընտանիքը:

Բացի քաղաքական գործիչներից՝ արքայազնը հրավիրել է նաև իր նախկին ընկերուհիներին, ինչպես նաև Դևիդ և Վիկտորյա Բեքհեմներին, դերասանուհի Մարգո Ռոբիին: Հանդիսությանը ելույթ կունենան Էլթոն Ջոնը, Էդ Շիրանը, Էլլի Գոլդինգը և Քրիս Մարթինը:
Հարսնացուի կողմից հրավիրված են Մարքլիի մտերիմ ընկերուհի, դերասանուհի Պրիյանկա Չոպրան, դերասաններ Պատրիկ Ջեյն Ադամսը և Էբիգեյ Սփենսերը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և ոճաբան Ջեսիկա Մալրունին:
Հարսանիքը տեղի կունենա մայիսի 19-ին Վինձորի պալատում:







































