Gallup հետազոտական կենտրոնը վերջերս անցկացրել է հարցախույզ՝ պարզելու Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրող մարդկանց վերաբերմունքն այդ կառույցի արդյունավետության վերաբերյալ:
2015 թ-ին ստեղծված միությանն անդամակցել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղըզստանը: Հենց Ղրղըզստանում նախևառաջ ողջունում են կառույցի աշխատանքը. այստեղ հարցվածների 57 %-ի համոզմամբ՝ Ղրղըզստանը շահել է անդամակցումից, 10%-ը ենթադրում է, որ անդամակցումը «վնասակար» է, իսկ 21 %-ը՝ չի կողմնորոշվել:
Դրական գնահատականի առումով երկրորդ տեղում Բելառուսն է, որտեղ հարցվածների 51%-ը ողջունում է ԵԱՏՄ-ի գոյությունը, 11%-ն այն «վնասակար» է համարում, 20%-ը՝ կարծիք չունի:
Երրորդ տեղում Ղազախստանն է։ Այդ հանրապետությունում 42%-ը գոհ ԵԱՏՄ-ի գոյությունից, 12%-ը դժգոհ է, 30%-ը չի կողմնորոշվել:
Իսկ Հայաստանում հարցվածների 42%-ն է դրական գնահատում ԵԱՏՄ-ն, 17%-ը՝ բացասական, 30%-ը՝ կարծիք չունի:
Մինչդեռ, նախկին խորհրդային միության տարածքում ինտեգրման գործընթացների առաջամարտիկ Ռուսաստանում գոհ և դժգոհ մարդկանց համամասնությունը գրեթե հավասար է․ այստեղ հարցվածների 25%-ի կարծիքով, Ռուսաստանի համար ԵԱՏՄ-ն օգտակար է, 24%-ի կարծիքով՝ վնասակար, իսկ չկողմնորոշվածների առումով Ռուսաստանն առաջին տեղում է՝ հարցվածների 45 %-ը չի կարող ասել՝ ԵԱՏՄ-ն ռուսներին ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ:
Հայաստանյան փորձագետների գնահատմամբ՝ այս հարցման արդյունքները չեն արտացոլում ԵԱՏՄ անդամ պետությունների բնակչության իրական վերաբերմունքը, հատկապես Հայաստանի մասով՝ բնակչության շրջանում կա իրազեկվածության լուրջ պակաս՝ տվյալ կառույցի գործունեության վերաբերյալ։
«Տարբեր երկրներում հարցերին պատասխանելու շարժառիթները կարող են տարբեր լինել․ օրինակ՝ Ղրղըզստանում դրական կարծիքի համար կան հիմքեր, որովհետև ԵԱՏՄ մտնելուց առաջ Ռուսաստանը նրանց ներել է բավականին խոշոր պարտքեր և դա ընդհանուր դրական մթնոլորտ է առաջացրել Ղրղըզստանում ԵԱՏՄ մուտքի հետ կապված։
Բելառուսում նույնպես երկրի տնտեսական հաջողությունները կախված է նրանից, որ Ռուսաստանը բավականին էժան գներով է Բելառուսին էներգառեսուրսներ վաճառում և անկախ նրանից, թե ԵԱՏմ դրա հետ կապ ունի, թե ոչ, միևնույնն է այնտեղ ընդհանուր տրամադրվածությունը, ընդհանուր միջավայրը ի օգուտ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության է և ԵԱՏՄ-ն ընկալվում է այստեղ հենց այդ համատեքստում։
Ղազախստանում բավականին շատ են քննարկումներն այն մասին, որ ԵԱՏՄ-ն ոչ միայն օգուտներ է բերում երկրին, այլև վնասներ և դա է պատճառը, թե ինչու այնտեղ տոկոսներն ավելի ցածր են, քան Բելառուսում և Ղրղըզստանում։
Հայաստանում ԵԱՏՄ-ն ընդհանրապես որպես տնտեսական կառույց՝ շատ քչերի կողմից է ընկալվում․ Հայաստանում բնակչության մեծ մասի մոտ Ռուսաստանը որպես ռազմավարական դաշնակից է և շատերը հենց այդ տեսանկյունից են նայում այս կառույցին և ամեն դեպքում, եթե նույնիսկ հավատանք այս հարցման արդյունքներին, ապա դրանք չեն արտացոլում իրական վերաբերմունքն իրական ԵԱՏՄ ներսում գործող մեխանիզմների , օգուտների և վնասների վերաբերյալ, քանի որ դրանք տնտեսական են, իսկ Հայաստանում տնտեսական բաղադրիչն այդքան էլ հաշվի չի առնվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։







































