Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով «Ալմերիա»-ի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով փոխարինվել է 54-րդ րոպեին, հայտարարել է, որ վնասվածքը լուրջ չէ: Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ը 5:0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ, իսկ Ռոնալդուն հեղինակեց իր թիմի առաջին գոլը:
«Փոխարինվեցի անվտանգության նկատառումներից ելնելով: Ոչ մի լուրջ բան չկա: Առաջին խաղակեսում հարված ստացա, որի արդյունքում ոտքի մկանների թեթև ցավ զգացի»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` ներկայումս պորտուգալացի հարձակվողը Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է: 14 խաղերից հետո նա իր ակտիվում 17 գոլ է գրանցել:








































