Եվրամիությունը Թուրքիային կհատկացնի 236 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն՝ արդարադատության, մարդու իրավունքների, սահմանային վերահսկողության, էմիգրացիայի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության ոլորտներում առանցքային բարեփոխումների համար: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը՝ վկայակոչելով ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
«Վերջին շաբաթներին նկատվում է ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների դրական զարգացում, և ես հույս ունեմ, որ օգնությունը կնպաստի հետագա բարեփոխումների իրականացմանը, որոնք կաջակցեն առաջընթացին անդամակցման գործընթացում»,- նշել է Ֆյուլեն:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև անդամակցության շուրջ բանակցությունների հերթական փուլը սկսվել է նոյեմբերի 5-ին:









































