Հայաստանը ռազմաարդյունաբերության ոլորտում, Ռուսաստանից և Հնդկաստանից բացի, համագործակցությունը խորացնելու հնարավորություն է տեսնում Սերբիայի, Չինաստանի և Լեհաստանի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: «Կան այլ երկրներ, որոնց հետ համագործակցում ենք և համագործակցելու ենք: Մասնավորապես, բավականին լավ կապեր ենք հաստատել Սերբիայի հետ, որն ունի բավականին զարգացած ռազմարդյունաբերություն, Չինաստանի հետ աշխատանք է վարվում, Լեհաստանի հետ և այլն: Կան կապեր ու միտումներ դրանք զարգացնելու»,-ասաց պաշտոնյան:
Փոխնախարարը նկատեց, որ ՀՀ ԶՈՒ արդիականացման յոթամյա ծրագրով նախատեսվում է հայկական արտադրության սպառազինության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնել մեկ քառորդի: «Հաշված Ռուսաստանի հետ վարկի շրջանակներում ստացվող սպառազինության մեջ՝ մոտ մեկ քառորդը կկազմեն մեր ներքին արտադրանքի գնումները ու կախված է նրանից, թե որքանով արագ այդ մշակումները, որ արդեն տեղի են ունեցել, կկարողանանք մտցնել սերիական արտադրության»,-նշեց պաշտոնյան: