Լյուքսեմբուրգի նախարարի այցը Հայաստան լավ հնարավորություն է շարունակելու քննարկումները երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այսօր Լյուքսեմբուրգի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Այցի շրջանակներում պարոն Ասելբորնը հանդիպում կունենա նաև նորընտիր Նախագահի հետ, դասախոսությամբ հանդես կգա ԱԳՆ դիվանագիտական դպրոցում։ Մենք Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ ներկա կգտնվենք Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացմանը։ Դա, հուսով եմ՝ կլինի մեր երկրում Լյուքսեմբուրգի մշտական ներկայության ապահովման ուղղությամբ առաջին քայլը»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ նախարարի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ կապերի զարգացման հարցերին:
Այս համատեքստում նա կարեւորեց Լյուքսեմբուրգի մեծ փորձը բանկային, ֆինանսական և ապահովագրական ոլորտներում եւ նշեց, որ կարեւոր կլինի գործարար համաժողովների կազմակերպումը ` խթանելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:
«Մեր հանդիպման օրակարգում էին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը։ Երկուստեք ընդգծվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կարևորությունը: Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լյուքսեմբուրգին և անձամբ պարոն Ասելբորնին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնության անվերապահ և սկզբունքային աջակցության համար, որը նաև ցուցաբերեց Անտանանարիվուում նախորդ գագաթաժողովի ժամանակ։ Բնականաբար անդրադարձանք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:
Ասեմ նաև, որ մենք այսօր հնարավորություն ենք ունենալու շարունակելու մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ժամանակ և երեկոյան: Եվրամիության հիմնադիր անդամ Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ բնականաբար քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ հարցեր, անդրադարձանք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ընձեռվող հնարավորություններին»,-ասաց ՀՀ արտգործնախարարը եւ հավելեց, որ գործընկերոջը ներկայացրել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։









































