Եվրամիությունը կշարունակի ինտեգրման մասին բանակցություններն Ուկրաինայի հետ և պատրաստ է քննարկել առևտրային և տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
Նրա խոսքերով՝ Եվրահանձնաժողովը «նշել է» Բրյուսելի, Մոսկվայի, Կիևի միջև բանակցությունների նախաձեռնության մասին՝ տնտեսական տարածքի հարցով:
«Դա երկկողմանի համաձայնություն է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև: Ձեզ հայտնի է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, որի հետ մենք պարբերաբար խորհրդակցում ենք: Դա այն ամենն է, ինչ կարող եմ ասել այդ հարցի վերաբերյալ»,- ասել է Կոսյանչիչը լրագրողներին:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԵՄ-ն շարունակում է հակված մնալ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը և հույս ունի, որ Կիևը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին:
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը:










































