«Վորլդ Վիժն Հայաստանը», «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներին ընդառաջ, կազմակերպել էին քննարկում՝ Հայաստանում ՄԻԱՎ-ի դեմ տարվող պայքարի և հետագա անելիքների վերաբերյալ:
Ինչպես նշեց քննարկմանը ներկա ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, ՄԻԱՎ-ի կանխարգելման դեմ ուղղված ծրագրեր հանրապետության 6 մարզերի ավելի քան 200 համայնքներում: Մարզերում տարված աշխատանքի գլխավոր նպատակը հանրության շրջանում տեղեկացվածության բարձրացումն է ՄԻԱՎ-ի վերաբերյալ և խրախուսումը՝ գնալ և հետազոտվել:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ հիմնադիր, տեխնիկական խորհրդական Հովհաննես Մադոյանը, խոսելով ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման անհրաժեշտության մասին, ասաց, որ դա թույլ կտա երկարացնել մարդու կյանքը անհամեմատ ավելի շատ, քան դա հնարավոր կլինի հիվանդության ավելի ուշ շրջանում հայտնաբերման դեպքում: Քանի որ ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուս է, ապա ժամանակին չհայտնաբերման դեպքում այն կվերածվի ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի, որի դեմ պայքարելը գրեթե անհնար է:
Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 1-ը կիրականացվի «Հետազոտվիր և ապրիր» միջոցառումների շարքը: Բացի Երևանից՝ միջոցառումների շարքը կանցկացվի Վանաձորում, Ստեփանավանում, Գյումրիում, Գավառում, երբ ընդամենը քսան րոպեների ընթացքում հնարավոր կլինի հետազոտվել և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը:









































