Այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում հանրահավաքի ժամանակ «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը վերջնականապես բաժանել է Ուկրաինան երկու մասի՝ դադարեցնելով ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունները:
«Նախագահական ընտրություններն արդեն սկսվել են: Համաձայնագրի չստորագրմամբ նախագահ Յանուկովիչը վերջնականապես կիսեց Ուկրաինան երկու մասի»,- նշել է քաղաքական գործիչը:
Ինչպես Korrespondent.net-ին հայտնել են «Բատկիվշչինայի» մամլո ծառայությունում, պատասխանելով նախագահի ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ հարցին, թե Յանուկովիչը պատրաստվո՞ւմ է գնալ Վիլնյուսի գագաթնաժողովին, Յացենյուկն ասել է. «Կարող է նա պատրաստվում է, սակայն այնտեղ նրան ոչ ոք չի սպասում»:
«Մենք բարձր ենք գնահատում մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերների աջակցությունը: Կարծում եմ, որ նրանք էլ կտան նույնպիսի պատասխան, որը ես հիմա կասեմ. միայն Ուկրաինայի ժողովուրդը կարող է օգնել իրեն»,- ընդգծել է նա:
Յացենյուկը հայտարարել է, որ առաջին քայլն արվել է. մարդիկ ինքնակազմակերպվել են: Երկրորդ քայլը կլինի խոշոր ակցիան, որը նրանք հայտարարել են նոյեմբերի 24-ին: Նրա կարծիքով՝ եթե փողոց դուրս գա հարյուր հազար մարդ, դա կլինի եվրաինտեգրման հարցում Ուկրաինայի ժողովրդի իրական կամարտահայտում:
Յացենյուկը նշել է, որ երրորդ քայլը ժողովրդի ու ընդդիմության միասնությունն է 2015-ի հաղթանակի համար: Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրի նոր նախագահը, նոր կառավարությունն ու նոր խորհրդարանը, իսկ դրա համար պայքարել է պետք:









































