«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագարականում գրում է.
«Ծանր, հոգեմաշ օր էր երեկ՝ կարծես երկրում տիրող քաոսն ու դժգոհության ալիքը հասել էին «Հրապարակի» խմբագրություն և հավասարակշռությունից հանել մեզ: Առավոտից կառավարության մոտ հավաքվածների բողոքի ակցիաներին էինք հետեւում. նաիրիտցիներ, էլցանցերի աշխատակիցներ, կենսաթոշակային օրենքից դժգոհներ: Բոլորը կարծես խոսքները մեկ արած փողոց էին ելել: Իսկ մինչ այդ կառավարության ղեկավարն իր գոհունակությունն էր հայտնում Մոսկվա կատարած այցի և Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացի կապակցությամբ՝ շեշտում էր, որ հարկավոր է հնարավորինս արագացնել այն: Ոչինչ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն ջերմեռանդությամբ դեպի ԵՄ կատարված քայլերն էին գովերգում: Իսկ օրվա ընթացքում, երբ հայտնի դարձավ, որ Ուկրաինան ևս հրաժարվում է Վիլնյուսում ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրելուց, իսկական էյֆորիա սկսվեց՝ պետական լրատվամիջոցները և հատկապես «Հայլուրը» ցնծության մեջ էին: Ինչո՞ւ: Գուցե ճնշվածի սինդրոմն էր խոսում՝ «եթե մեզ լավ չի լինելու, թող ոչ մեկի համար լավ չլինի» տրամաբանությամբ: Բայց լուրը օդում կուտակված լարումը չթուլացրեց, այլ ավելի սրեց. և դո՞ւ, Ուկրաինա՝ մեծ, հզոր, Եվրոպային կպած, մինչ այժմ պարբերաբար հոխորտացող, Ռուսաստանից պոկվել երազող: Օրվա սթրեսը լրացրեց դատարանից ստացված վատ լուրը. չնայած բազում միջնորդություններին և Սերժ Սարգսյանի խուճուճ ակնարկին՝ խափանման միջոցին անդրադառնալու անհրաժեշտության մասին, Վարդան Պետրոսյանի կալանքը չփոխեցին: Չարության, դաժանության ավելցուկ կա մթնոլորտում, մի տեսակ՝ արյան ծարավ: Դա երևում է և Ուկրաինայի հետ կապված ռեպորտաժներում, և Վարդանի կալանքի որոշման մեջ: Հաջողակ ու հարուստ մարդկանց, զարգացող ու ազատ երկրների նկատմամբ անորոշ նախանձ մեր հասարակությունում»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































