Ուրբաթ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը կքննարկվեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, սիրիական խնդիրը, իրանական միջուկային ծրագիրը և տնտեսական համագործակցության ռուս-թուրքական զարգացման հեռանկարները: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ուրբաթ Սանկտ Պետերբուրգում կայանալու է երկու երկրների բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի չորրորդ նիստը՝ Պուտինի և Էրդողանի ղեկավարությամբ:
«Այդ նիստը կընդգծի մեր երկրների միջև հարաբերությունների բարեկամական և կառուցողական բնույթը»,- ասել է Ուշակովը:
Նա նշել է, որ ուրբաթ Պուտինը և Էրդողանը նախ հանդիպում կանցկացնեն նեղ կազմով, որի ընթացքում կքննարկվեն հիմնականում միջազգային հարցեր, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամը, իրանական միջուկային ծրագիրը:
Ուշակովի խոսքով՝ բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստում կքննարկվեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:









































