Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը բարձր է գնահատում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ միանգամայն համակարծիք է Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարության հետ: Նրա խոսքով՝ սա 2012-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջինն էր, որտեղ խրախուսվում էր շարունակել գործընթացը:
Նրա խոսքով՝ բացվել են երկխոսության և բանակցային գործընթացը շարունակելու հեռանկարներ:
«Պետք է օգտվել ուրվագծվող հեռանկարներից, որովհետև այս հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք գոյություն չունի»,- ասաց դեսպանը:
Նոյեմբերի 29-ին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովին արդյոք որևէ փաստաթուղթ կստորագրվի՞ Հայաստանի և ԵՄ-ի միջև՝ հարցին Անրի Ռենոն պատասխանեց, որ այդ հարցը դեռևս քննարկման փուլում է՝ Եվրամիության համապատասխան գործընկերների մակարդակով:
«Այդ որոշումը կկայացվի գագաթնաժողովին, այս պահին դեռևս քննարկումներ են գնում փաստաթղթի հնարավոր ստորագրման շուրջ: Հայաստանը միանշանակ հայտնել է իր ցանկությունը՝ զարգացնելու և խորացնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ, Եվրամիությունն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ շարունակել խորացնել համագործակցությունը, և ես կասկած չունեմ, որ այս երկուստեք ցանկությունը իր արտահայտությունը կգտնի վիլնյուսյան գագաթնաժողովում»,- հավելեց դեսպանը:








































