Հայկական մշակույթն աշխարհում եզակի նշանակություն ունի: Այսօր՝ Հեռուստատեսության համաշխարհային օրը, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը:
Անդրադառնալով հեռուստատեսային լեզվի թերություններին՝ նա համոզմունք հայտնեց, որ հայոց լեզվի աղճատումը ղեկավարվում է որոշ ուժերի կողմից:
«Հայկական հեռուստատեսությունում չկան բարձրարժեք հաղորդումներ, կան միայն ցածր մակարդակի հումոր և սրամտություններ, առնականությունն իգացնելու, կանացիացնելու միտում: Տղամարդիկ կրծկալներ ու շրջազգեստներ են հագնում՝ իբր մարդկանց ծիծաղեցնելու համար: Եթերը ողողված է բռնության, վթարների տեսարաններով: Հեռուստատեսությունը, որպես զենք, գործածվում է մեր ազգի դեմ:
Բացակայում է հեռուստատեսության կապը հասարակության հետ, այնինչ տարիներ առաջ, երբ ես աշխատում էի Ազգային հեռուստատեսությունում, հեռուստադիտողներից պարկերով նամակներ ու առաջարկություններ էինք ստանում»,- ասաց Արևշատ Ավագյանը՝ հավելելով, որ ներկայումս հեռուստաընկերություններում ուժեղ գրաքննություն է կատարվում:
Անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին՝ ռուսերենը մեր երկրում դարձնել աշխատանքային լեզու, նա նկատեց, որ սա իսկական ռուսասիրության դրսևորում է: «Ես դեմ չեմ օտար լեզուներին, սակայն նման բան չի կարելի անել»,- ասաց Արևշատ Ավագյանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանն իր հերթին նկատեց, որ հեռուստատեսային լեզուն մի քանի տարի առաջվա համեմատ ավելի լավն է դարձել:
«Այսօր, կարծես, վիճակը քիչ թե շատ բարվոք է, սակայն ցավալի է, որ հեռուստատեսություններում չկան խմբագիրներ: Դրա արդյունքում լեզվական շատ-շատ անճշտություններ հեղեղում են եթերը՝ մանավանդ թարգմանված ֆիլմերի դեպքում:
Կարծում եմ՝ հեռուստաընկերությունները պետք է համագործակցեն Գրողների միության հետ: Այնտեղ հրաշալի թարգմանիչներ կան: Խնամի-ծանոթ-բարեկամ կապերի շնորհիվ աշխատանքի խցկված անձինք ուղղակի ծիծաղելի կերպով են թարգմանում արտասահմանյան ֆիլմերի տեքստերը:
Մյուս խնդիրը հաղորդավարների առոգանությունն ու սխալ շեշտադրումներն են՝ նախկինում ռուսական, այժմ՝ անգլիական: Անձամբ եմ լսել, որ ռուսական կրթություն ստացած քաղաքական մի գործիչ ասում էր. «Հայերենը հեռուստատեսային լեզու չէ, իսկ ահա ռուսերենը հեռուստատեսային է»: Սրա պատճառն այն էր, որ նա չէր տիրապետում հայերենի նրբերանգներին»,- նշեց Վաչագան Սարգսյանը:
Իր հերթին անդրադառնալով ԿԳ նախարարի՝ ռուսերենն աշխատանքային լեզու դարձնելու առաջարկին՝ նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի պետական և աշխատանքային լեզուն հայերենն է:
Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հանդիպելով «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Կոնստանտին Կոսոչովի հետ, հյուրընկալվել էր վերջինիս «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը և ասել. «Թույլ տվեք համարձակվել և ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, որտեղ բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական»։ Իմա՝ հայերենը ևս ՄՄ-ի համար դիտել որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը թող լինի աշխատանքային:









































