Ավստրալիայի ոստիկանությունը զբաղվում է երկրի դաշնային խորհրդարանի մի քանի անդամների հեռախոսազրույցների գրանցմամբ: Նման խոստովանություն է արել դաշնային ոստիկանապետ Թոնի Նեգուսը սենատում լսումների ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Այն հարցին, թե քանի խորհրդարանականներ են հանդիսանում նման ուսումնասիրության օբյեկտ, Նեգուսն ասել է. «Հինգից պակաս»: Նա կտրականապես հրաժարվել է հայտնել այդ օրենսդիրների անունները, սակայն ընդգծել է, որ ոստիկանության նման գործունեության մեջ ոչ մի անօրինական բան չկա, քանի որ այն իրականացվում է համաձայն իշխանական արտոնության և ուղղված է բացառապես հանցավորության դեմ պայքարին:
Նեգուսը հստակեցրել է, որ խոսքը ոչ թե հենց հեռախոսազրույցի գաղտնալսման, այլ բաժանորդների գրանցման մասին է, ովքեր զանգահարում են խորհրդարանականներին: Գրանցվում է, թե ովքեր են զանգահարել նրանց, և թե որքան է շարունակվել զրույցը: Գրանցումը տարածվում է նաև էլեկտրոնային փոստի նամակագրության վրա:










































