Տարածաշրջանում լարվածության թուլացման ցանկությունները դեռ որ ցանկություններ էլ մնում են: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով Իրանի, Սիրիայի խնդիրներին:
«Այս ֆոնի վրա Արցախյան հիմնախնդիրը նոր առաջընթաց չի խոստանում, որովհետև այդ գործընթացի համարյա փակուղային վիճակի հիմնական պատասխանատուն Ադրբեջանն է, ով իր կեցվածքը փոխելու ոչ մի նշան չի ցույց չի տալիս: Եթե Թուրքիան Ադրբեջանին հասկացնի, որ նա հավերժ չի կարող պատանդ մնալ իր քաղաքականությանը, ապա խնդրի կարգովորումը հնարավոր կդառնա: Սակայն լավատես լինելու հիմքեր այս առումով դեռևս չկան: Ադրբեջանը դժվար թե փոխի իր քսանչորս տարվա դիրքորոշումը: Միաժամանակ, երեկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը պետք է դրական համարել: Անհրաժեշտ է շարունակել ճիգերը` ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Եթե աշխարհում գտնվի 10-15 երկիր, որոնք Արցախը կճանաչեն գոնե Հայաստանի չափով, ապա դա բավական մեծ ճնշում կլինի Ադրբեջանի վրա, որն էլ ստիպված կլինի փոխել իր դիրքորոշումը»,- նշեց նա:
ՀՅԴ գործչի համոզմամբ՝ Վիեննայում երեկ տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումը ոչինչ չասող հանդիպում էր: «Եթե հնադիպումներ չլինեն, իրավիճակն էլ ավելի լարված կլինի, իսկ երբ հանդիպումներ են տեղի ունենում, վիճակը համեմատաբար հանգիստ է լինում:
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա այն միշտ, թեկուզ այս պահին էլ կա: Պետք է մշտապես պատրաստ լինել ռազմական գործողությունների, միջազգային հանրությունը պետք է հասկացնի Ադրբեջանին, որ չի կարելի երեխայի պահվածք դրսևորել»,- ասաց Կիրո Մանոյանը` հույս հայտնելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո մոտակա շաբաթների ընթացքում գուցե կսկսվի Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը:
«Հույսս այնքանով է մեծ, որ սրանից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները խոստացել էին, որ այն պետք է գործարկվի»,- հիշեցրեց քաղաքական գործիչը:
Անդրադառնալով ՄՄ-ին Հայաստանի անդամության թեմային` Կիրո Մանոյանը նկատեց, որ այստեղ խնդրահարույց է հատկապես Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Դեռևս ոչինչ էլ պարզ չէ, հստակություն չկա ոչ միայն Ղարաբաղի, այլև մնացած դրույթների մասով: Լավատեսության որևէ հիմք չկա, որ ՄՄ-ին Հայաստանի անդամությունն ինչ-որ կերպ կլուծի Ղարաբաղի հարցը: Անհրաժեշտ է հստակեցնել անդամության պայմանները: Շատ է խոսվում ՄՄ-ին անդամության դեպքում Հայաստանի ինքնիշխանության կորստի մասին, սակայն այդ հարցը չի կարելի այսքան հաստատ պնդել»,- ասաց Կիրո Մանոյանը` միաժամանակ հավելելով, որ ՄՄ-ին անդամության հետ կապված անորոշությունը չի թողնում, որ իր կուսակցությունը վախենա կամ զգուշանա ՄՄ-ի հետ Հայաստանի գործակցությունից: «Եթե մի բան չգիտես, անորոշ է, ինչպե՞ս կարող ես դրանից զգուշանալ»,- հստակեցրեց դաշնակցական գործիչը:







































