«100 աստիճան» նախաձեռնության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը, անդրադառնալով Մարց գյուղի տարածքում ՀԷԿ-երի կառուցման խնդրին, նշեց, որ Մարց գյուղի բնակիչները հաստատակամ են տրամադրված և դեմ են կանգնել հէկ-ի կառուցմանը: Հանրային լսումներ են եղել, քսանհինգ մարդ է մասնակցել, բոլորը դեմ են եղել, միայն գյուղապետ Ռոբերտ Գալստյանի տղան է կողմ եղել: Նա պատմեց, որ որոշ ժամանակ անց ապօրինաբար խողովակներ են բերել հէկի կառուցման համար, գյուղացիները ըմբոստանում են, խողովակները գետը նետում: Կարեն Հարությունյանի խոսքով՝ հէկը վնասում է էկոհամակարգը: Այնուհետև մայիս ամսին բնապահպանության նախարարին մոտ երեք հարյուր գյուղացի դիմում է գրել, որ դեմ հէկ-ի կառուցմանը:
Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի դիտարկմամբ՝ այստեղ խնդիրը ո՛չ Մարց գյուղինն է, ո՛չ Լիպարտ Սիմոնյանինը, սա ՀՀ խնդիրն է: Նա ասաց, որ այն մասշտաբներով, որով կատարվում է հէկի շինարարությունը, 20-30 տարի հետո լուրջ բնապահպանական խնդիրների է բերելու: Նա նշեց, որ սա Լիպարիտ Սիմոնյանի երրորդ հէկն է: Չիչխան գետի վրա էլ մեկ հէկ է կառուցել նույն ընկերությունը, որից հետո Լ.Սիմոնյանին վարչական պատասխանատվության են ենթարկել. գետը ցամաքեցված է, և նա վարչական պատասխանատվության է ենթարկվել ողջամիտ ժամկետում առկա բնապահպանական խնդիրները վերացնելու համար:
«Հայաստանի բոլոր գետերը, որոնց վրա կառուցված են հէկեր, եթե գնաք նայեք, բոլորը չորացած վիճակում են. մենք ունենք այդպիսի 5-6 դեպք: Հերիք է ժողովիրդին հասցնել այս վիճակին: Ենթադրենք՝ 5 աշխատատեղ ստեղծվեց, աշխատատեղ ստեղծելը ավելի կարևոր ենք համարում, քան գե՞տը… Այն դառնում է խողովակաշար: Որևէ մեկը կարո՞ղ է պնդել, որ այն վնաս չի հասցնի էկոհամակարգին»,-ասաց նա:
Ներդրումն իրականացնող «Մարց էներջի» ընկերության գործադիր տնօրեն Լիպարիտ Սիմոնյանն իմացել էր ասուլիսի մասին և եկել: Ընդհատեց ասուլիսը և սկսեց ընթերցել. որոշ ՀԿ-ներ հերթական անգամ փորձել են խոչընդոտել հէկ-ի կառուցմանը և էական վնաս են հասցրել իրենց ընկերության բարի համբավին, ահաբեկել են գյուղացիներիին: Ընկերության՝ Մարց գետում կառուցվելիք հէկի բոլոր փաստաթղթերը, նրա խոսքով, օրինական են: Նա ասաց, որ Մարց գյուղի բնակիչները չէին փակել ճամփան, այլ Երևանից եկած ակտիվիստները: Կատարվել է միակողմանի նկարահանում, չորս մարդ են խոսել, որոնք գյուղի բնակիչ էլ չեն: «Ո՞վ կարող է գյուղում ահաբեկչություն անել,- ասաց նա:- Ինչպե՞ս կարելի է մեր երկրի իշխանություններին այսպիսի ոչ ցանկալի վիճակում դնել. գալիս ենք գյուղ՝ մի փուշ հանենք ձեռքներից, ոչ թե ճանապարհ փակեք: Իսկապես մի կտոր հաց հասցրեք, ոչ թե եկեք քեֆ կազմակերպեք: Մենք փող ենք ծախսում աշխատատեղ ստեղծում, ամոթ, ամո՛թ, ամոթ»:
Կարեն Հարությունյանի խոսքով՝ մինչև հիմա, երբ գնում էինք գյուղ, մի հոգի դեմ չէր, հիմա չեն ուզում, հիմա ահաբեկում են գյուղացիներին, այդ մարդկանց գուցե աշխատանք են խոստացել, բայց հիմնական մասին ճնշել են, ազդեցություն են գործում նրանց վրա: Մենք ճանապարհը փակելով՝ ուզում էինք հանրության և իշխանության ուշադրությունը հրավիրել, որ Մարցում կատարվում է հանցագործություն:
Նա նշեց, որ բնապահպանության նախարարության միջոցով կեղծվել են հանրային լսումները: «Հետագայում ակտիվստների աջակցությունը կախված է գյուղացիներից. եթե մեր աջակցությունը զգան, մենք կմիանանք: Ավելի շատ դեմ են տրամադրված երիտասարդները, և եթե իրենք ճանապարհը փակեն, ակտիվստները, հնարավոր է, միանան»:
Ի դեպ, Մարցում արդեն երկու հէկ կա կառուցված, որոնից մեկը պատկանմում է Վանաձորի քաղաքապետին, մյուսը՝ Դավիթ Լոքյանին, իսկ այս մեկն էլ՝ «Մարց էներջի» ընկերությանը, որտեղ արդեն բավականին աշխատանք է իրականացվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Մարց գյուղի բնակիչները և 100C շարժման ակտիվիստները փակել են Վանաձորի ճանապարհը: Նրանք բողոքում են իրենց գյուղում ապօրինի հէկ կառուցելու դեմ:











































