Սիրիական քիմիական զենքն առաջարկել են ոչնչացնել նավում կամ ծովում գտնվող հորատման սարքում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, ով այդ մասին հայտնել է իր անունը չհրապարակելու պայմանով: Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:
Գործակալության զրուցակցի տվյալներով՝ նման տարբերակը քննարկվում է դիվանագետների և Քիմիական զենքի արգելման կազմակերպության քննարկումների ընթացքում: Չի նշվում, թե համաշխարհային օվկիանոսի որ հատվածի մասին է խոսքը և ով է հանդես եկել նման առաջարկությամբ:
Քիմիական զենքի անկախ փորձագետները նշել են, որ հաշվի առնելով զինանոցի ծավալը՝ ծովում դրա չեզոքացման գործընթացը աննախադեպ կլինի:







































