«Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի 189 անդամներից երեքը սառեցրել են իրենց անդամակցությունը պլատֆորմին: Դրանք են՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ ինքը սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտնի հայտարարությունից հետո իշխանությունների հետ համագործակցության որևէ եզր չի տեսնում. «Մոտ մեկ ամիս առաջ, երբ քննարկվում էր սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրադրությունը, պլատֆորմի անելիքները, ես բացատրեցի այն, ինչ հրապարակավ մի քանի անգամ ասել եմ՝ առ այն, թե ինչ էր Սերժ Սարգսյանի արածը: Այն, հակասահմանադրական լինելուց բացի, նաև անհեթեթություն էր՝ չունենալով որևէ հիմք հայտարարել, թե Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ այսինչ միությանը: Ասել եմ ու էլի եմ ասում, որ միակ լուծումը Հայաստանի օրինական իշխանությունն է, իսկ Սերժ Սարգսյանը պետք է գնա տուն: Թե ինչպես կհրաժարվի՝ դա ուրիշ հարց է:
Երբ քննարկեցինք, կարծիքների փոխանակում եղավ, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ հայտնեցին պլատֆորմի հետագա գործունեության մասին, և դոմինանտ կարծիք հնչեց, որ հարկավոր է շարունակել համագործակցությունը իշխանությունների հետ»:
Մեր զրուցակիցի խոսքով՝ դա այլևս անհնար է․ «Ես նորից եմ բացատրում, որ հնարավոր չէ պլատֆորմի և իշխանությունների համագործակցությունը սեպտեմբերի 3-ից հետո, և մտածեցի, որ «Ասպարեզ» ակումբը որևէ անելիք չունի: Այս իշխանությունն այնպիսի անհեթեթ բաներ է հայտարարում, որը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ»:
Լևոն Բարսեղյանն ընդգծեց, որ իրենք առայժմ սառեցնում են անդամակցությունը, բայց եթե պլատֆորմն իր դիրքորոշումը փոխի, իրենք կշարունակեն համագործակցել: «Եթե կգտնեն, որ հնարավոր չէ այս իշխանությունների հետ հոդաբաշխ, տրամաբանված և մեղսունակ համագործակցություն ունենալ, ապա՝ այլ հարց: Ես համարում եմ, որ սա իշխանության անմեղսունակության և ոչ կոմպետենտության տիպիկ օրինակ էր. սեպտեմբերի 3-ի հայտարարությունից ժամեր առաջ կուսակցության երկրորդ դեմքը, դրանից օրեր առաջ փոխարտգործնախարարը, երեք տարի շարունակ մյուս տեղակալը հայտարարում էին, որ բանակցում ենք Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ, և որ ստորագելու ենք համաձայնագիրը: Վարչապետն ասում էր, որ Մաքսային միությունը չէր կարող լինել մեր ապագան, դրանից հետո մեր ոչ ադեկվատ իշխանությունը այսպիսի քայլի դիմեց: Իշխանությունը կարող է զավթիչ իշխանություն լինել ,բայց ոչ այդքան ոչ ադեկվատ:
Սերժ Սարգսյանի հայտարարությունն ապացուցեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության հետ ոչ մի ուղիղ կապ չունի, նա անմիջական ընտրակեղծիքներով պարզապես զբաղեցրել է այդ պաշտոնը: Ես չեմ պատկերացնում, ազնվորեն չեմ պատկերացնում, թե հասարակական կազմակերպությունների այդ միությունը՝ պլատֆորմը, ինչպե՞ս կարող է համագործակցել նրա հետ: Կարելի է քննարկումներ ունենալ հրաժարականների ձևի, տեսակի, ժամանակների մասին՝ դա այլ վիճակ է, բայց ոչ Հայաստանի եվրաինտեգրման հարցերի շուրջ, առավել ևս՝ Մաքսային միությանը միանալու շուրջ, հետևաբար ես որոշեցի աջ քաշել և կանգնել: Եթե պլատֆորմը կփոխի իր դիրքորոշումը՝ կշարունակեմ համագործակցել: Ես չեմ պատկերացնում համագործակցություն Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ»,- եզրափակեց Լ. Բարսեղյանը:








































