2002 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ արևմտամետ էր, –ասել է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ «Գերմանական ալիքին» տված հարցազրույցում։
«Առաջին անգամ ես հանդիպել եմ Պուտինի հետ 2002 թվականին, և այն ժամանակ նա բավական արևմտամետ էր, իսկ իր նախագահության ամենասկզբում նա հետաքրքրված էր ՆԱՏՕ–ին Ռուսաստանի անդամակցությամբ»,– հայտարարել է նա։
Ռասմուսենը նշել է, որ ԽՍՀՄ փլուզման մասին, որպես XX դարի գեոքաղաքական աղետի, Պուտինը ասել է դեռևս 2005 թվականին։

«Նա վերածվեց հակաարևմտյան քաղաքական գործչի»,– ընդգծել է նախկին գլխավոր քարտուղարը։
Ռասմուսենի կարծիքով՝ Արևմուտքի նկատմամբ Պուտինի վերաբերմունքի վրա ազդեցություն են գործել Վրաստանի՝ Վարդերի հեղափոխությունը և Ուկրաինայում՝ Նարնջագույն հեղափոխությունը։
«Նա խորապես համոզված էր, որ այդ հեղափոխությունների ետևում ամերիկացիներն են կանգնած և, մասնավորապես, ԿՀՎ–ն, և որ նրանց վերջնական նպատակն էր հեղափոխությունների իշխանափոխության այս մոդելը տեղափոխել նաև Ռուսաստան»,– ասել է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը։












































