ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բանակցում է Netflix ընկերության հետ սեփական շոու թողարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով տեղյակ աղբյուրների:
Ենթադրվում է, որ վիդեոծառայությունն Օբամային և նրա կնոջը՝ Միշելին կվճարի «բացառիկ կոնտենտի» համար, որը հասանելի կլինի միայն սթրիմինգային հարթակում: Գործարքի գումարը չի նշվում: Դրվագների թիվը և դրանց ձևաչափը նույնպես հայտնի չեն:
Աղբյուրների խոսքով՝ Օբաման մտադիր չէ Netflix-ն օգտագործել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կամ պահպանողական քննադատների հետ քննարկման համար: Օբաման ուզում է լինել շոուի պրոդյուսերը, որում «ոգեշնչող պատմություններ» կցուցադրվեն:
Նշվում է, որ ենթադրյալ թեմաները կարող են լինել Օբամայի նախագահության հիմնական խնդիրները՝ առողջապահությունը, միգրացիոն քաղաքականությունը, ընտրական իրավունքը, կլիմայի փոփոխությունը: Իսկ Միշել Օբաման կարող է հաղորդում վարել ճիշտ սնվելու մասին:
Հաղորդվում է, որ բացի Netflix-ից՝ Օբամայի հետ համագործակցելով հետաքրքրված են Apple-ը և Amazon-ը:











































