Ներքաղաքական կյանքում ակտիվություն է նկատվում, և մենք դա դրական ենք գնահատում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. «Ստեղծվել է սիրողների և չսիրողների բանակ, մեկն ասում է՝ Եվրոպային եմ սիրում, մեկը՝ Ռուսաստանին: Սա ոչ թե քաղաքական հարց է, այլ բնավորության խնդիր. քաղաքականության մեջ սիրել-չսիրելու խնդիր չպետ է լինի, պետք է համագործակցել միջազգային հանրության հետ: Այսօր Հայաստանը հենց այդ ճանապարհով էլ գնում է»,- հայտարարեց նա:
Սահակյանի խոսքով՝ ներքաղաքական կյանքում ակտիվություն է նկատվում, և դա նկատվում է խորհրդարանական քառօրյաների ընթացքում. «Ցանկություններն ու հնարավորությունները երբեք համադրելի չեն լինում, ամբողջ ազգով դարձել ենք խորհուրդ տվողներ՝ ինչպես կանգնեցնել արտագաղթը, բարելավել սոցիալական կյանքը. հեռուստատեսությամբ և տանը նստած խորհուրդներ են տալիս»:
Բանախոսն անդրադարձավ նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ բողոքի ակցիաներին՝ նշելով, որ չկա մի խնդիր, որ բոլորը համաձայն լինեն. «Տասը տարի սա քննարկում ենք, լսումներ արել ենք, ՀԿ-ներին մասնակից դարձրել ենք, օրենքի մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել. եթե ինչ-որ մարդիկ մտածում են, որ հատուկ պետք է գնանք և իրենց տներում ասենք, թե դա ինչ բան է, սխալվում են: Կասկածներ ունեն, որ դա պարտադիր չլինի, բնականաբար՝ կասկածներ կլինեն, մենք էլ հնարավորինս այնպիսի մոդելներ առաջ կքաշենք, որ այդ կասկածները վերանան»:
ՀՀԿ փոխնախագահի դիտարկմամբ՝ ընդդիմությունը արտահերթ նիստ հրավիրելով՝ սկզբում ասել է, թե պետք է նոր մոտեցումներ առաջ քաշեն, հետագայում պարզվել է՝ այդպես չէ. «Իրենց դրված օրակարգը, իրենք զրոյականից են փորձել ամեն ինչ սկսել, իսկ մենք կողմնակից չենք անիմաստ պոպուլիստական քննարկումների»:
Նա նաև անդրադարձավ այսօր Վիեննայում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպմանը, և չհամաձայնեց այն տեսակետների հետ, թե դա հերթական հանդիպում կլինի. «Որևէ հանդիպում հերթական լինել չի կարող, հանդիպումն առաջին հերթին կլինի, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունը առաջին պլան մղվի: Բնականաբար՝ Ալիևը չի գա և ասի, որ Ղարաբաղը ճանաչում ենք որպես պետություն, քննարկելու են Մադրիդյան սկզբունքների վեց կետերը. հանդիպումը հերթական լինել չի կարող»:
Լուսանկարը՝ Photolure-ի








































