Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի այսօր Վիեննայում կայանալիք հանդիպումը տեղի է ունենում բավական էական աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին: Այս կապակցությամբ փորձենք հասկանալ, թե արդյոք սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու մասին արված հայտարարությունը և Հայաստանի Եվրամիության հետ ասոցացման գործընթացի տապալումը ինչ ազդեցություն կթողնեն Սարգսյան-Ալիև հանդիպման վրա, այսինքն` ինչպիսին կլիներ այդ հանդիպումը մինչև սեպտեմբերի 3-ը, և ինչպիսին կլինի այն դեպքում, երբ արդեն եղել է սեպտեմբերի 3:
Այս տարբերությունը հասկանալու համար երևի թե բավարար է ընդամենը աչքի անցկացնել Ադրբեջանի հանդեպ եվրոպական և ամերիկյան ռևերանսները, որ սեպտեմբերի 3-ից հետո եղան տարբեր փաստաթղթերի տեսքով: Նախ` Եվրախորհրդարանը ընդունեց մի բանաձև, որտեղ Ղարաբաղի հակամարտության մասով ներառվեցին անցանկալի ձևակերպումներ հայկական կողմի համար: Հետո եղավ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ ամփոփիչ արձանագրության նախագծի հրապարակումը, որտեղ Հայաստանի մասով խոսք անգամ չկար, իսկ Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպան բավական դրական տոնայնությամբ սպասումների մեջ էր, այն էլ այդ երկրում խայտառակ նախագահական ընտրություններից հետո: Հետո եղավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական նամակը Ալիևին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, որում ԱՄՆ նախագահը պատմական «շանսի» մասին էր խոսում ղարաբաղյան կարգավորման մասով և նաև բավական հստակ խոսում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունների լավ հեռանկարների մասին:
Վերջին 3 ու կես տարվա ընթացքում միջազգային հանրությունը Ադրբեջանի մասով ավելի ու ավելի զուսպ էր դարձել, ինչն այն բանի արդյունքն էր, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի գնացող Հայաստանը ուղղակի իր վարքով, իր քաղաքականությամբ խախտել էր այն ավանդական հավասարության նշանը, որ դնում էր միջազգային հանրությունը Հայաստանի և Ադրբեջանի դեպքում: Հայաստանը կարողացել էր իր գործունեության միջոցով հասնել նրան, որ այլևս կողմերին չէին դիտարկում որպես հավասարներ, որպես «սիամական երկվորյակներ», առանց որի մյուսի հետ հարաբերություններ չէին պատկերացնում:
Չի կարելի ասել, որ միջազգային հանրությունը հակաադրբեջանական որոշումներ էր կայացնում, սակայն ակնհայտ էր, որ Հայաստանի հանդեպ քաղաքական վերաբերմունքը շատ ավելի լուրջ և հեռանկարային է, քան Բաքվի պարագայում: Սակայն սեպտեմբերի 3-ից հետո կարճ ժամանակում տեղի ունեցան վերոհիշյալ ռևերանսները, ընդ որում` բավական արագ, ինչը վկայում է, որ Հայաստանը կորցրել է իր այն քաղաքական առավելությունը Ադրբեջանի նկատմամբ, որ ուներ, որին հասել էր սեպտեմբերի 3-ից առաջ կամ ավելի ճիշտ մինչև սեպտեմբերի 3-ը: Եվ ի դեպ, այս մասով ակնհայտ էր այն էֆեկտը, որ Հայաստանի համար քաղաքական իմաստով ապահովում է ժողովրդավարությունը: Իհարկե, իրական ժողովրդավարության մասին խոսք լինել անգամ չի կարող, բայց թեկուզ միայն հայտարարությունների ու առաջնահերթությունների մասով տուրք տալով ժողովրդավարական արժեքներին և Եվրոպայի հետ այդ հիմքերի վրա հարաբերություններ խորացնելու քաղաքականությամբ Հայաստանը զգալիորեն առաջ անցավ Ադրբեջանից, լիովին կարողացավ փոխել միջազգային հանրության իներտ վերաբերմունքը:
Պատկերացնել կարելի է, թե ինչ կլիներ այդ ամենի քաղաքական էֆեկտը, եթե Հայաստանը գործնականում կամք դրսևորեր անցնել բարեփոխումների և գործնականացներ «ժողովրդավարություն» հասկացությունը մեր երկրում բավական լայն ծավալներով: Սակայն, այս ամենի փոխարեն, տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ը, և Հայաստանի իշխանությունը քանդեց 3 ու կես տարում կառուցած առավելությունը, քանդեց իր իսկ ձեռքով: Իսկ Սարգսյան-Ալիև նոր հանդիպումը, որ կարող էր տեղի ունենալ Հայաստանի առավելության պայմաններում, այսօր տեղի է ունենում Ադրբեջանի առնվազն հոգեբանական առավելության պայմաններում:
Սրանից, իհարկե, ապոկալիպտիկ եզրակացություններ անելու կարիք չկա, քանի որ կարող ենք համոզված լինել, որ հանդիպման ընթացքում ընդամենը սլաքներ են ճշտվելու և ոչ մի բեկումնային որոշում կամ վճիռ չի կայացվելու, բայց մի՞թե դա է բանը: Վերջիվերջո քաղաքականության մեջ ոչինչ հենց այնպես, անհետևանք չի անցնում, նույնիսկ աննշան հանդիպումներն ու բառերը, և շատ կարևոր է` դրանք ինչ մթնոլորտում են հնչում, ինչ շեշտադրումներով: Այս իմաստով, հայկական կողմի համար ներկայիս հանդիպման մթնոլորտն ու շեշտադրումները անբարենպաստ են: Չէ՞ որ խոսքը միայն մեկ հանդիպման մասին չէ, այս հանդիպումն ընդամենը շղթայի օղակներից մեկն է: Խնդիրը հենց շղթան է, որում այս ժամանակահատվածում Ադրբեջանը եթե ոչ առաջ է անցել, ապա առնվազն հավասարեցրել է դիրքերը Հայաստանի հետ:
Եվ ամենամտահոգիչն, իհարկե, միտումներն են, քանի որ դրանք բացարձակապես չեն խոսում Հայաստանում իրավիճակի և վտանգների ամբողջական գիտակցման, գործընթացների խորքային ընկալման մասին: Հայաստանում իշխանական մակարդակում շարունակվում են մաքսահպատակության տենդագին մղումները, որոնք հանդիսանում են նորանոր հարվածներ պետության քաղաքական դերակատարությանը, հասցնում այն քաղաքական անդամալուծության:







































