Նոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի Լիխտենշտեյնյան պալատում գործող Պրահայի երաժշտական ակադեմիայի դահլիճում տեղի է ունեցել հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ողջունելով հանդիսատեսներին, որոնց թվում էին Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի սենատորներ և պատգամավորներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի և չեխ հասարակության ներկայացուցիչներ, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը նշել է, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները թանկարժեք ներդրում են դասական երաժշտության համաշխարհային շտեմարանում՝ ընդգծելով, որ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության միջոցով հայ երաժշտությունը և արվեստը ճանաչելի են դարձել աշխարհի համար:
Եռյակի անդամներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը և Կարեն Քոչարյանը հանդիսատեսին ներկայացրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ գործերից, ինչպես նաև Սերգեյ Րախմանինովի, Անտոնին Դվորժակի և Առնո Բաբաջյանի առանձին ստեղծագործությունները:
Ձեռնարկի վերջում չեխ հանրահայտ սցենարիստ Հայկ Մարտիրոսյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին հանձնել է մեծանուն կոմպոզիտորի՝ Պրահայում եղած ժամանակ գրված ձեռագիր նամակը:
Միջոցառումը, որը լուսաբանում էին «Օրեր» պարբերականը և Չեխիայի հանրային հեռուստատեսությունը, ավարտվել է ընդունելությամբ:











































