Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խոստացել է նվազեցնել հարկերը 2019 թվականի հունվարի 1-ից: 2 միլիոն քաղաքացիների համար, ովքեր ցածր աշխատավարձ են ստանում վճարները կիջեցվեն 10 անգամ: Այս մասին հայտնում է Tengrinews-ը:
«Հարկային բեռի թեթևացումն արվելու է ցածր վարձատրվողների աշխատավարձը բարձրացնելու համար: Նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներին աջակցելու համար առաջարկում եմ 2019 թվականի հունվարի1-ից նվազեցնել հարկային բեռը 10 անգամ և նրանց համար հարկ սահմանել 1 տոկոսի չափով»,- խորհրդարանական նիստի ժամանակ հայտարարել է նախագահը:
Անհատական հարկային առավելությունները կկիրառվեն միայն նրանց համար, ովքեր ամսական նվազագույն հաշվարկային ինդեքսից 25 անգամ ավելի քիչ աշխատավարձ են ստանում: Հարկերը նվազեցնելու արդյունքում, ղազախստանցիները կարող են ավելի բարձր աշխատավարձ ստանալ:
Նուրսուլթանը նաև նշել է, որ առաջիկայում կառավարությունը պետք է ուսումնասիրի հարկերի հավաքման առաջադեմ սանդղակի անցնելու հնարավորությունը:











































