Երեկ ԱՄՆ Իլինոյս նահանգում ու հարևան նահանգներում մոլեգնել են բազմաթիվ տոռնադոներ: Նախնական տվյալներով՝ դրանց հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել է մի քանի տասնակ մարդ՝ հայտնում է Associated Press-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել են Իլինոյսի բժշկական ծառայությունների ներկայացուցիչները, միայն Պեորիա քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս բժշկական կենտրոն է տեղափոխվել 37 մարդ, ևս մոտ 10 տուժածներ էլ հայտնվել են քաղաքի մյուս հիվանդանոցներում: Նրանց մեծ մասի մոտ բժիշկները ախտորոշել են կոտրվածքներ ու գլխի վնասվածքներ:
Ամերիկյան NBC հեռուստաընկերության տվյալով՝ բոլոր զոհվածները Իլինոյսի բնակիչներ են: Հեռուստաընկերությունը հաղորդում է նաև, որ նահանգի շատ բնակիչներ արգելափակվել են իրենց տների ներքնահարկերում:
Հզոր տոռնադոն շրջել է մեքենաներ ու թրեյլերներ, վնասվել են շատ շինություններ:
Տարբեր ուժգնության տոռնադոներ են գրանցվել Բոուն Գեպ, Միլլեր Սիթի բնակավայրերում ու Վաշինգտոն ոչ մեծ քաղաքում (Իլինոյս նահանգ), որտեղ ուժեղ քամին ոչնչացրել է մոտ 70 բնակելի տուն:







































