Նոյեմբերի վերջին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ՝ կարծում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն: Գերմանական Deutsche Welle պաբերականը պարզել է՝ կարդարանա՞ն արդյոք այդ սպասումները:
Նախկին խորհրդային հանրապետությունների հետ սերտ հարաբերությունների զարգացում ԵՄ-ին լիարժեք անդամակցելու առաջարկի բացակայության պայմաններում. Դա է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրը, որի հերթական գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում: Վայրի ընտրությունը կապված է ԵՄ-ում Լիտվայի նախագահության հետ:
2009թ. Պրահայում նախաձեռնված գագաթնաժողովի հիմնական նպատակներից մեկն էր՝ պայմանների ստեղծում «քաղաքական ասոցացման և հետագա տնտեսական ինտեգրման համար»:
Ծրագրի մասնակիցներն ի սկզբանե եղել են նախկին խորհրդային վեց հանրապետությունները՝ երեքը՝ Արևելյան Եվրոպայում (Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա), և մյուս երեքը՝ Հարավային Կովկասում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան): Ռուսաստանը ևս հրավիրվել էր, սակայն մերժել:
Ուկրաինա: ֆավորիտը զիջում է դիրքերը
Վիլնյուսյան գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը պետք է դառնար Կիևի կողմից ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ: Գագաթնաժողովից մեկ ամիս առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ կողմերը մոտ են ընդհանուր նպատակի ձեռքբերմանը: Մինչև վերջին ժամանակներս Ուկրաինան «Արևելյան գործընկերության» երկրների շրջանում համարվում էր առաջատար մասնակից: Կիևում կառավարությունը ստանում էր ամենամեծ ֆինանսական օգնությունը (ԵՄ պաշտոնական տվյալներով՝ 2007-2010թթ. ընթացքում հատկացվել է շուրջ 1.5 միլիարդ եվրո): Դա երկու անգամ շատ է Մոլդովային հատկացված և երեք անգամ շատ՝ Վրաստանին հատկացված օգնությունից: Արդյունքում ֆրնանսավորումը ևս մեկ անգամ մեծացվում է:
Ուկրաինան առաջինն է ավարտել ասոցացման մասին համաձայնագրի բանակցությունները, որով նախատեսվում է ազատ առևտրի գոտու ստեղծում: Դա տեղի է ունեցել 2011թ. վերջին: Սակայն նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հանդեպ դատական գործընթացներն ու մեղադրական դատավճիռը, ինչպես նաև մյուս ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը առաջացրել են ԵՄ քննադատությունը: 2012թ. Բրյուսելը հետաձգում է փաստաթղթի նախաստորագրումը:
Վիլնյուսի գագաթնաժողովին ԵՄ-ը և Ուկրաինան ցանկանում են ստորագրել այն: Եթե դա տեղի ունենա, ապա առանձին համաձայնագրեր ուժի մեջ կմտնեն նախքան խորհրդարանների կողմից վավերացումը: Սակայն դա տեղի կունենա միայն մեկ դեպքում, եթե Ուկրաինան կատարի Բրյուսելի հիմնական պահանջներից մեկը՝ դադարեցնի ընտրովի արդարադատության պրակտիկան: Դա նշանակում է, որ քանի դեռ Յուլյա Տիմոշենկոն բանտում է, Բրյուսելը չի ստորագրի ասոցացման մասին համաձայնագիրը:
Մոլդովա. Եվրոպայի նոր սիրելին
Ուկրաինայի փոխարեն «Արևելյան գործընկերության» ամենաօրինակելի մասնակիցը Մոլդովան է, որն ավելի հետևողական է ԵՄ-ի հետ մերձեցման հարցում: Վիլնյուսում Քիշինևը և Բրյուսելը ծրագրում են նախաստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը և ստորագրել այն 2014թ., այսինքն՝ նախքան Եվրահանձնաժողովի ներկայիս կազմի լիազորությունների ավարտը: Եվրոպական մայրաքաղաքներում չեն դադարում գովել Մոլդովային բարեփոխումների և այն բանի համար, որ այնտեղ ժողովրդավարության հետ կապված ակնհայտ խնդիրներ չկան, իչպես գործընկերության մյուս երկրներում:
Վիլնյուսում գագաթնաժողովի գումարումից երկու շաբաթ առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Բարոզուն սենսացիոն հայտարարությամբ է հանդես գալիս: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը պատրաստ է ԵՄ Խորհրդին խորհուրդ տալ չեղյալ հայտարարել այցագրի ռեժիմը Մոլդովայի հետ: Դեռևս հայտնի չէ՝ ինչ ծավալով: Այսպիսով, Մոլդովան կարող է առաջինը ԵՄ-ից ստանալ այն, ինչ մնացածների համար ամենագլխավորը չէ Բրյուսելի հետ համագործակցությամ մեջ՝ առանց այցագրի Եվրոպա գնալու իրավունք:
Բարոզուի հայտարարությունը more for more սկզբունքի աշխատանքի օրինակ է: Դա Հարևանության եվրոպական քաղաքականության նոր սկզբունքներից մեկն է, որի շրջանակներում գործում է «Արևելյան գործընկերությունը»: Դրա համաձայն՝ որքան ավելի շատ բարեփոխում իրականացնի այս կամ այն երկիրը, այնքան Բրյուսելն ավելի շատ ընդառաջ կգնա…
Վրաստան. Եվրոպամետ կուրս, սակայն…
Մոլդովայից հետ չի մնում նաև Վրաստանը, որը ևս ծրագրում է նախաստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը Բրյուսելում և ստորագրել այն 2014թ.: Ներկայիս գագաթնաժողովում, ինչպես ակնկալվում է, Վրաստանը կներկայացնի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Արդյոք Թբիլիսին կինտեգրվի՞ ԵՄ նույն տեմպով, ինչ Քիշինևը՝ շատ բաներում կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը երկրում: Բրյուսելը վերջերս Վրաստանի նոր իշխանություններին խորհուրդ է տվել չգնալ Ուկրաինայի հետքերով և չհետապնդել ընդդիմության առաջնորդներին: Եթե նոյեմբերի 17-ին պաշտոնից հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնվի ճաղերի հետևում, դա կարող է արգելակել ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը ԵՄ-ի հետ:
Հայաստան. Ռուսաստանն ավելի ուժեղ գտնվեց
Չորրորդ երկիրը, որը հետաքրքրություն էր ցուցաբերում նույն փաստաթղթի ստորագրման հարցում, Հայաստանն էր: Ամռանը Երևանը և Բրյուսելը ավարտեցին բանակցություններն ու պատրաստվում էին, ինչպես Վրաստանի և Մոլդովայի դեպքում, նախաստորագրել համաձայնագիրը Վիլնյուսի գագաթնաժողովում և ստորագրել այն 2014թ.:
Սակայն սեպտեմբերի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանում հանդիպեց իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո Երևանը միտքը փոխեց ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու հարցում՝ հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին:
Ադրբեջան. էներգետիկան վե՞ր է ամեն ինչից
Հայաստանի հարևան Ադրբեջանը Վիլնյուսում չի նախատեսում ոչինչ ստորագրել, սակայն չի պատրաստվում անդամակցել նաև Ռուսաստանի ՄՄ-ին: Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերություններում գերիշխում է էներգետիկան:
2013թ. հունիսին «Շահ-Դենիզ» հանքավայրի մշակման հարցերով միջազգային կոնսորցիումը կողմնորոշվեց Ադրբեջանից Եվրոպա գազի արտահանման երթուղու հարցում: Որոշում է կայացվել կառուցել Տրանսադրիատիկ գազամուղը: ԵՄ-ում հույս ունեն այս կերպ նվազեցնել գազի կախվածությունը Ռուսաստանից: Հավանական է՝ հենց այս պատճառով, չնայած Եվրոպան քննադատել է Ադրբեջանում նախագահական ընտրությունները, Իլհամ Ալիևը հրավիրվել է Վիլնյուսի գագաթնաժողովին: Հայտնի չէ՝ արդյոք նա կգնա՞, թե ո՞չ, քանի որ Բաքվում զայրույթով է արձագանքել Եվրախորհրդարանի կողմից ընտրությունների քննադատությանը:
Բելառուս. կրկին առանց Լուկաշենկոյի
Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Վիլնյուսի գագաթնաժողովին, ինչպես որ 2011թ. Վարշավայում տեղի ունեցած գագաթնաժողովին, չեն ցանկանում տեսնել: Ակնկալվում է, որ երկիրը կներկայացնի ԱԳՆ ղեկավարությունից ինչ-որ մեկը: Բելառուսը ծրագրի միակ մասնակիցն է, որի դեմ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել մարդու իրավունքների ոտնահարման և ընդդիմության հետապնդումների համար: Շատ փորձագետներ կասկածում են այս պատժամիջոցների արդյունավետությանը: Եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ կոչ են անում Վիլնյուսի գագաթնաժողովն օգտագործել Բելառուսի հետ հարաբերությունները բացելու համար, որը Ռուսաստանի և Ղազախստանի հետ կառուցում է Մաքսային միությունը:










































