Ֆրանսիան թույլ չի տա աշխարհում միջուկային զենքի տարածումը: Թել Ավիվ ժամանելուց հետո այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Քանի դեռ մենք վստահ չենք, որ Իրանը կհրաժարվի միջուկային զենքից, մենք չենք փոխի մեր պահանջները և կպահպանենք պատժամիջոցները»,- «Բեն-Գուրիոն» օդանավակայանում նշել է նախագահը:
«Ինչ վերաբերում է իրանական հարցին, Ֆրանսիան կարծում է, որ միջուկային զենքի տարածումը՝ հատկապես Իրանի կողմից, վտանգ է ներկայացնում ինչպես Իսրայելի, այնպես էլ Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար»,- Օլանդին մեջբերում է ИТАР ТАСС-ը:
Թել Ավիվում Օլանդը Ֆրանսիայի և Իսրայելի տնտեսական կապերի զարգացման հարցերով բանակցություններ կանցկացնի, ինչպես նաև կքննարկի Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացն ու Իրանի միջուկային ծրագիրը:
Այսօր Օլանդը հանդիպում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Երուսաղեմի նրա նստավայրում: Երկուշաբթի օրը նա կմեկնի Հորդանանի Արևմտյան ափ՝ պաղեստինյան ղեկավարության հետ բանակցությունների նպատակով:







































