Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Թբիլիսի կժամանեն 53 պաշտոնական պատվիրակություններ՝ ինչպես բարեկամ երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեին:
Հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններում հաղթած Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ Թբիլիսիում:
Փանջիկիձեի խոսքերով՝ Թբիլիսի կժամանի Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, ով կներկայացնի ոչ միայն իր երկիրը, այլև Եվրամիությունը:
Օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունները Թբիլիսի կժամանեն վաղը՝ մինչև ժամը 12:00-ն:
Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ժամը 13:00-13:45-ը:
Ժամը 14:00-14:15-ը ծաղկեսպակ կդրվի հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության զոհված հերոսների հուշարձանին:
14:30-15:30-ը Վրաստանի նորընտիր նախագահը «Քորթյարդ Մարիոթ» հյուրանոցում ընդունելություն կանցկացնի՝ ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների:
15:45-17:45-ն ընկած ժամանակահատվածում նույն հյուրանոցում նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ:
18:00-19:00-ին Շ. Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի կունենա նախագահի երդմնակալությանը նվիրված գալա-համերգ:
19:30-21:00-ն Թբիլիսիի «Շերաթոն Մեթեխի Փալաս» հյուրանոցում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կհրավիրի ընդունելություն:
Ժամը 21:00-ից հետո օտարերկրյա պատվիրակությունների անդամները կմեկնեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանից:









































