Գերմանիայի ԱԳՆ-ը հորդորել է Թուրքիային հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը Սիրիայի ողջ տարածքում 30 օրյա հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ՝ նշելով, որ դա վերաբերում է նաև Աֆրինին: Deutsche Welle-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակը:
Խոսնակն ընդգծել է, որ ՄԱԿ-ի որոշումը վերաբերում է Սիրիայի ամբողջ տարածքին: Նա նշել է, որ Գերմանիայի ԱԳՆ քարտուղար Ուոլտեր Լինդերը խնդրի առնչությամբ խոսել է այդ երկրում Թուրքիայի դեսպանի հետ՝ «հայտնելով ՄԱԿ-ի որոշման հետ կապված Գերմանիայի դիրքորոշումը»:
Պաշտոնական Անկարան ավելի վաղ խնդրի առնչությամբ հայտնել էր, որ դրական է գնահատում Սիրիայում 30-օրյա հրադադարի մասին որոշումը, սակայն թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը «ահաբեկչության դեմ պայքարի» գործողություն է: Թուրքական կողմը նշել էր, թե Սիրիայում հակամարտող կողմ չի հանդիսանում, հետևաբար այդ որոշումն իրենց համար չի գործում:
Ավելի վաղ, հաստատված հրադադարի ռեժիմը հարգելու մասին պաշտոնական Անկարային կոչ էր արել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:








































