«Ես կզարմանայի նույնիսկ, որ նորություն լիներ: Չեմ կարծում, որ ինչ-որ նոր, հանրությանը ոչ հայտնի մեկի հայտնվելը Բարձրագույն դատական խորհրդում պետք է հույս ներշնչեր, որ դրանով էլ հենց փոփոխություններ պետք է լինեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի ձևավորման թեմային:
Հարցին` Գագիկ Հարությունյանը պե՞տք է հույս ներշնչի, նախկին ոստիկանապետը պատասխանեց.
«Գագիկ Հարությունյանն ինչո՞ւ չպետք է հույս ներշնչի, մարդը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարակության մեջ»:
Դիտարկմանը, որ նա միշտ եղել է դատական իշխանության մեջ, իսկ այս ամբողջ ընթացքում դատական իշխանությունը կոռուպցիայի մեջ թաղված է եղել, վերջինս արձագանքեց. «Ես չէի ուզենա մի մարդու հետ կապեիք այս ամեն ինչը, չէի փորձի հատուկ պարզաբանումներ անել կամ արդարացնել դատական համակարգը, իհարկե, խնդիրներ թերություններ շատ կան, բայց կապել դա Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ, կարծում եմ` արդար չէ: Նրանք երկուսն էլ պատվով են աշխատել, որևիցե բիծ, զգալի թերություն էս տարիների ընթացքում թույլ չեն տվել»:










































