Ռուսաստանի «Հակակոռուպցիոն» հանձնաժողովի նախագահի խորհրդական, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի կարծիքով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան նվաստացուցիչ է, ինչ-որ տեղ նաև վիրավորական Հայաստանի համար:
Նա երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես վկայակոչեց այն հանգամանքը, որ նախագահի կայքում մինչ այսօր այցի վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա: «Ես չգիտեմ, թե ինչ է ասում Արա Աբրահամյանը կամ մնացածը՝ ինձ դա բոլորովին չի հետաքրքրում, անկեղծ ասած` ես նույնիսկ չգիտեմ ու չեմ հասկանում՝ նա կգա՞, թե՞ ոչ, բայց մինչ այսօր որևէ հայտարարություն չկա, դա ինչի՞ նշան է ըստ Ձեզ: Պարզապես մի բան կասեմ՝ իր գալով նա ցույց է տալիս, որ Հայաստանի հետ անում է այն նույն բանը, ինչ որ, ասենք, Աբխազիայի հետ: Պուտինն իր այդ քայլով ահռելի հարված կհասցնի ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին. դեկլարացիա չի, նա իր գալով ցույց է տալիս, որ ինքն է, կարող է գալ՝ ընդամենը դա»:
Անդրադառնալով «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությանը և Ռուսաստանի կողմից դրա արձագանքին, Ա. Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի վերին մակարդակներում այն այդքան էլ լուրջ արձագանք չի գտել: Մեր դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ է ռուսաստանյան լրատվամիջոցներում Շանթ Հարությունյանը ներկայացվում որպես ընդդիմության առաջնորդ, և իբրև թե Հայաստանի մեծ հատվածը դուրս է եկել Վլադիմիր Պուտինի դեմ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ռուսաստանի փոխվարչապետն ու վարչապետն անձամբ ասացին, որ Ռուսաստանի տնտեսությունը ներքև է գնում, չեն կարող ուղղակի ասել, որ խորտակվում է, բայց որ ծանր վիճակ է՝ արդեն ասացին:
Ես ասել էի, որ Իրանը կգնա Թուրքիայի, Եվրոպայի կողմը, ու եթե նավթային այդ ճանապարհն աշխատի, Ռուսաստանին կսպասվի ահռելի ծանր վիճակ, ամբողջ համակարգը կխորտակվի. այդ ամենը հզոր, համաշխարհային նշանակություն ունեցող քայլեր են, դրա մեջ Հայաստանի նշանակությունը չնչին է, Կովկասի այս հատվածը Ռուսաստանի համար ուղղակի պահելու համար տարածք է:
Իսկ այդ հրապարակումներին պետք չէ մեծ ուշադրություն դարձնել, քաղաքականությունից հեռու մարդիկ և լրագրողներ են դա անում: Ես չեմ ուզում ոչ ոքի վիրավորել, բայց նրանք պատրաստ են ցանկացած թեմա վերցնել և այդպիսի շահարկումներ անել՝ նույնիսկ Իրանի նախագահի կնոջ հղիությունը կարող են վերցնել և այլ բան դարձնելով դիվիդենդներ շահել»:
Ա. Խաչատրյանի փոխանցմամբ` Ռուսաստանն արդեն իսկ ամեն ինչ շահել է Հայաստանի ռուսամետներին վճարելով և այլ քայլերի դժվար թե դիմի. «Ես մի պարզ բան ասեմ. ինչ կատարում են՝ հայերն են իրենց գլխին կատարում, ինձ թվում է` ռուսական ղեկավարությունն այդ ուղղությամբ այդքան էլ լուրջ քայլեր չի կատարում, քանի որ հասկանում է, որ գումարային ամբողջ բազան տվել է ռուսամետների ձեռքը, այստեղ էլ հայերն աշխատում փող են ուղարկում, այդքան էլ մեծ ուժ պետք չի ինչ-որ բան կանգնեցնելու համար: Ըստ իս՝ նրանք այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում հիմա Հայաստանի վրա, կատարում են այն, ինչ իրենց պետք է:
Պարզապես ես զարմանում եմ նրանց վրա, որոնք ուզում են ցույց տալ, թե` նայեք, մենք ռուսների հետ ենք, հեսա Մաքսային միություն ենք մտնում, շատերը նույնիսկ չեն հասկանում դա ինչ է: Ես ապշում եմ, թե ինչպես են խոնարհվում մի երկրի առաջ, որը քո թշնամուն զենք է վաճառում, հետո էլ ստիպում, որ դու խոնարհվելով մտնես Մաքսային միություն, բա քո քաղաքական հիմքը, քո սկզբունքները որտե՞ղ են, առհասարակ ի՞նչ Մաքսային միության մասին ես խոսում՝ դա ի՞նչ է, ի՞նչ պետք է անես այնտեղ առանց սահման»:








































