Իրանցի գործարարները օրենքներն են ուսումնասիրում, որպեսզի Հայաստանի միջոցով մուտք գործեն Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության շուկաներ: Լրագրողների հետ զրույցում ասաց Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագրի կապալառու «Սանիր» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Համիդ Ռեզա Քաթուզիանը: Հարցին ի պատասխան, թե ինչ խոչընդոտներ կան երկու կողմերի գործարարների համար`համապատասխանաբար հայկական և իրանական շուկաներ մուտք գործելիս, Քաթուզիանը նշեց. «Ցանկությունը կա, քաղաքական հնարավորությունները կան, բայց որոշ օրենքների անհամապատասխանությունը դանդաղեցնում է այդ ընթացքը: Օրինակ, Հայաստանում ճանապարհների հարկերը խոչընդոտ են Իրանի բեռնատարների համար, որ այստեղից տարանցում իրականացնեն: Արդյունքում ծախսերը շատանում են»:
Ինչ վերաբերում է իրանական շուկայում մուտքի խոչընդոտներին, ապա գործարարի խոսքով` այն ապրանքները, որոնց ուղղությամբ Իրանում արտադրություն կա, դրսից ներմուծելիս սահմանափակումների են հանդիպում: Սակայն երկկողմ ջերմ հարաբերությունները կարող են նպաստել այս հարցի կարգավորմանը:
Անդրադառնալով «Սանիր» ընկերության գործունեությանը` Համիդ Ռեզա Քաթուզիանը նշեց, որ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունն ընթանում է առանց խոչընդոտների և ավարտին կհասցվի 2019-ի սեպտեմբերի 1-ին:
«Հայաստանի վարչապետի` Իրան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածություններն ընթացքի մեջ են, պարզապես ժամանակ է պահանջվում, որ հիմքեր դրվեն և իրագործվեն»,-ասաց իրանցի գործարարը:
Համիդ Ռեզա Քաթուզիանի խոսքով` «Մեղրի» ՀԷԿ-ի ծրագրով հետաքրքրվող իրանական ընկերություններ կան, և ծրագիրը հասել է այն փուլին, երբ հավանական ներդրողի հետ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ:










































