Նոյեմբերի 17-ին Վրաստանի նախագահի լիազորությունները վայր դնող Միխեիլ Սաակաշվիլին որոշում է ընդունել զերծ մնալ երկրի ամենօրյա քաղաքական կյանքին մասնակցելուց: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ փոխանցում է Trend գործակալությունը:
«Ես երեկ ավարտել եմ վերջին խորհրդակցությունները Եվրամիության և Եվրախորհրդարանի առաջնորդների հետ վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ: Զուգահեռ ես դիտարկում եմ առաջատար արտասահմանյան համալսարանների մի քանի առաջարկներ միջազգային գիտական կենտրոնի ստեղծման մասին՝ կապված իմ անվան հետ: Այս փուլում ես պատրաստվում եմ զբաղվել դրանով և զերծ մնալ Վրաստանի ամենօրյա քաղաքական կյանքին մասնակցելուց»,- գրում է Սաակաշվիլին:
Նա ընդգծել է, որ կաջակցի վրացի ժողովրդին, երբ դա անհրաժեշտ լինի:
«Ես միշտ կլինեմ իմ ժողովրդի կողքին՝ ցանկացած ժամանակ, երբ տեսնեմ դրա անհրաժեշտությունը, և կծառայեմ իմ սիրելի հայրենիք Վրաստանին»,- գրել է նախագահը:








































