Թուրքիան Ավստրալիային զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը շարունակելը կարող է վնաս հասցնել երկու պետությունների միջև հարաբերություններին, ինչպես նաև 2015 թվականին Գալիպոլիի իրադարձությունների 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների անցկացմանը:
Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», «Սիդնեյ Մորնինգ Հերալդ» պարբերականի վկայությամբ՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի նախազգուշացումը հրապարակվել է ավստրալացիների համար Գալիպոլիում 2015 թվականի ապրիլի 25-ին կայանալիք հիշատակի հատուկ արարողությանը մասնակցելու համար հատկացված 8 հազար տոմսի շուրջ քվեարկության անցկացման նախօրեին:
«Թուրքիայի և Ավստրալիայի միջև բարյացակամ հարաբերությունները կարող է խարխլել Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ առանց թուրքական կողմից լսելու Ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքները: Դա կարող է մեծ ճեղք առաջացնել երկու պետությունների միջև հարաբերություններում և նույնիսկ հարցականի տակ դնել Գալիպոլիում կայանալիք հիշատակի արարողությունները»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը՝ հավելելով. «Մենք խնդիր չունենք Թուրքիայում հայ համայնքների հետ: Մենք խնդիր ունենք հայ Սփյուռքի հետ, որը մինչ այժմ տարածում է այս գաղափարները»:
Բացի այդ, Թուրքիան հստակորեն նշել է, որ իր կողմից ողջունելի չի լինելու Գալիպոլիի հիշատակի արարողություններին Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանականների մասնակցությունն այն պատճառով, որ այս նահանգի խորհրդարանում երկու կուսակցությունների ներկայացուցիչները սատարել են այս տարվա մայիսին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նահանգի վարչապետ Օ՛Ֆարելի կողմից ներկայացված առաջարկությունը:
Արձագանքելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակի սպառնալիքներին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օ՛Ֆարելը, պարբերականի վկայությամբ, «զարհուրելի» է անվանել այն հանգամանքը, որ Գալիպոլիում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կորպուսի ժամանելու 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունը օգտագործվում է քաղաքական նպատակներով:
«Սիդնեյ Մորնինգ Հերալդ» պարբերականը մեջբերել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանի խոսքը, որի համաձայն՝ «շատ մտահոգիչ» է այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարությունը սպառնացել է արգելել Հայոց ցեղասպանությունը ճանաչած Նոր Հարավայի Ուելսի խորհրդարանականների մասնակցությունը Գալիպոլիի արարողություններին:
«Արդեն մոտ 100 տարի թուրքական պետությունը շարունակում է հերքել այն, ինչը հրապարակայնորեն լայնորեն պատմական փաստ է ճանաչվել»,- ասել է Ղահրամանյանը:










































