Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը մտադիր է Սիրիայի քիմիական զենքի զինանոցը ոչնչացնել մինչև 2014-ի հունիսի 30-ը: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
Կազմակերպության փորձագետները մտադիր են քիմիական զենքի ամենավտանգավոր տեսակները Սիրիայից դուրս բերել մինչև տարեվերջ, մինչդեռ այնպիսի նյութերը, ինչպիսին է, օրինակ, իզոպրոպանոլը, դուրս կբերվի 2014-ի փետրվարի 5-ից ոչ ուշ:
Դեռևս հայտնի չէ, թե որ երկրում կոչնչացվի քիմիական զենքը, քանի որ դրանից հրաժարվել է Ալբանիան:
Կազմակերպության ղեկավարությունն առաջարկել է ստեղծել հիմնադրամ՝ քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված ծրագիրը ֆինանսավորելու համար, քանի որ կազմակերպության բյուջեն բավարար չէ այդ նպատակներն ամբողջովին իրականացնելու համար:








































