«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ՌԴ քաղաքացի, քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Արսեն Ավետյանի պաշտպան Գևորգ Մելքոնյանը բացարկ է հայտնել գործով մեղադրող Արամ Ամիրզադյանին:
Ըստ կողմի` իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրողը` «վատ իմաստով», իսկ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի նկատմամբ` «լավ իմաստով» կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում. Արսեն Ավետյանի կողմից իր հոր նկատմամբ սպանության նախապատրաստության վերաբերյալ գործով Վ.Սաֆտալյանը տվել է խոստովանական ցուցմունքներ:
Իսկ Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը մեղադրողին «մեղադրեց» մեղադրող դիրքորոշում ունենալու համար: Ըստ նրա` մեղադրողին չի հետաքրքրում ճշմարտությունն ու արդարադատությունը: Իսկ Արկադի Վարդանյանը նշեց, որ մեղադրողն անտեսում է անմեղության կանխավարկածի սկզբունքը և անձամբ ոչ մի քայլ չի արել` ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ: Ըստ կողմի` անթույլատրելի է մեղադրողի արտահայտությունը՝ «դու դեռ կտեսնես»:
Ըստ Արկադի Վարդանյանի` ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանը միակն է, ով հանցագործություն է կատարել ու խոստովանել այդ մասին, սակայն մինչև հիմա գտնվում է ազատության մեջ: Մինչդեռ իրենք գտնվում են անազատության մեջ, թեև «մեր արարքներում իսպառ բացակայում է հանցակազմը»: Միակ ապացույցն իր և Արսեն Ավետյանի խոսակցության գաղտնալսման արձանագրությունն է, այն էլ՝ դրանում ընդհանուր քննարկումների կոնտեքսից առանձնացվել են հատվածներ:
Արամ Ամիրզադյանը հակադարձել է՝ հայտարարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են և ինքը որևէ հիմք չունի` դրանցից հրաժարվելու համար: Ըստ մեղադրողի` իրեն բնորոշ չէ «դու դեռ կտեսնես» արտահայտությունը, իսկ եթե արել է, ուրեմն ի նկատի է ունեցել՝ «դու դեռ կտեսնես ապացույցները»: «Անցել են այն ժամանակները, երբ կարելի էր մեղադրողին վախեցնել»,- հավելել է Արամ Ամիրզադյանը:
Մեղադրողի խոսքին հետևել է Արսեն Ավետյանի ռեպլիկ-հայտարարությունը՝ «երբ նայեցի մեղադրողի աչքերի մեջ, տեսա, որ 37թ. թախիծը նրա մոտ կա»:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում










































