Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը պահանջել է մորատորիում սահմանել սիրիացի փախստականների՝ Սիրիայի հարևան երկրներ վերադառնալու վրա: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման կոչի պատճառը եվրոպական որոշ երկրների գործողություններն են, որոնք խոչընդոտներ են ստեղծում փախստականների համար:
«Դա կդառնա համերաշխության ժեստ՝ ուղղված այն երկրներին, որոնք մինչև հիմա ընդունել են 2.2 միլիոն փախստական Սիրիայից»,- նշել է վարչության մամլո քարտուղար Էդրիան Էդվարդսը:
Առաջին հերթին խոսքը Թուրքիայի, Լիբանանի, Հորդանանի և Իրաքի մասին է, որոնք կրում են սիրիական ճգնաժամի հումանիտար բեռի հիմնական մասը:
Էդվարդսի խոսքերով՝ վարչությունը ստուգում է տեղեկատվությունն այն մասին, որ Բուլղարիայի իշխանությունները թույլ չեն տվել Թուրքիայի սահմանով երկիր մուտք գործել 100 հազար սիրիացի փախստականների: Շուրջ 150 սիրիացի փախստականներ հետ են ուղարկվել Թուրքիա Հունաստանի իշխանությունների կողմից:
Բացի այդ, վարչությանը տեղեկացրել են, որ սիրիացի փախստականներին արգելվել է մուտք գործել Կիպրոսի Հանրապետություն:
«Սիրիացի փախստականներին Թուրքիա կամ հարևան այլ երկրներ վերադարձնելը միայն կավելացնի այդ պետությունների կառավարությունների խնդիրները»,- ասել է նա:










































