Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ հացի գնի նոմինալ թանկացումից բացի կա նաև կրիմինալ թանակցում: Նա այս մասին այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մինչև 30 տոկոս կեղծում կա իրական քաշի և գրվածի միջև․ մենք ուզում ենք սա բացահայտենք»,- նշեց նա:
Պողոսյանն ընդգծեց, որ այս հարցերով բազմիցս դիմել են և՛ ՀՀ նախագահին, և՛ վարչապետին, սակայն իրենց նամակներն ուղարկվել են սննդի անվտանգության տեսչություն, որտեղ, իր իսկ խոսքով, իբր զբաղվում են այդ հարցով:
Բանախոսն անդրադարձավ նաև տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացմանն ու ասաց, որ կանեն ամեն ինչ, որպեսզի նման բան տեղի չունենա: Բանախոսը, սակայն, նախկինի պես լավատես չէ և կարծում է, որ, այնուամենայնիվ, այն կթանկանա. «Ես չգիտեմ՝ հանձնաժողովում իմ մնալը ճի՞շտ է, թե՞ ոչ. ես երկընտրանքի առաջ եմ, ուզում եմ և՛ գնալ-մասնակցել, և՛ երբեմն էլ կարծում եմ, որ դա սխալ է:
Նախորդ անգամ երիտասարդների ակտիվության շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել, հիմա չեմ կարծում, որ նույնկերպ հնարավոր կլինի»,- եզրափակեց նա:








































