Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանն Ադրբեջանից կգնա երկրի վարչապետ Արթուր Ռասի-զադեն: Ինչպես հայտնել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ազեր Տոֆիգօղլու Հուսյնը Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ավարտին, Ադրբեջանի վարչապետը Վրաստան կժամանի նոյեմբերի 17-ին: Այս մասին գրում է Gruziya Online-ը:
Ադրբեջանի դեսպանը ևս մեկ անգամ Մարգվելաշվիլիին է փոխանցել Ալիևի շնորհավորանքները նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Մենք խոսել ենք երկկողմ բարիդրացիական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության մասին: Համոզվել ենք, որ Գեորգի Մարգվելաշվիլին կշարունակի այդ քաղաքականությունը նաև ապագայում»,- նշել է դեսպանը:
Վրաստանի նորընտիր նախագահն այսօր կհանդիպի Վրաստանում Ճապոնիայի դեսպան Տոշիո Կայտանիի, Գերմանիայի դեսպան Օրտվին Հենիգի, Չինաստանի դեսպան Յու Գինի, Ֆրանսիայի դեսպան Ռենո Սալենի և Վրաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Էրիկ Ֆուրնիեի հետ, որը ներկայումս զբաղեցնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ում Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնն ու Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մոտ ընկերներից է:









































