Հյուսիսային Կորեայի զինված ուժերը չեն մասնակցում Սիրիայում ռազմական գործողություններին՝ հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ որոշ արտասահմանյան ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե Հյուսիսային Կորեան իբր Սիրիա է մատակարարում ռազմական տեխնիկա, իսկ նրա օդաչուները մասնակցում են ապստամբների դիրքերի վրա կատարվող ավիահարձակումներին:
Դիվանագետի խոսքով՝ այդ ամենը «թշնամական ուժերի դավադրության մաս է՝ գցելու խաղաղասեր Հյուսիսային Կորեայի հեղինակությունը, ինչպես նաև թաքցնելու հանցավոր գործողությունները, որոնք արգելափակում են սիրիական իրադրության խաղաղ կարգավորումը»:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հյուսիսային Կորեան հետևողականորեն հանդես է գալիս առանց օտարերկրյա միջամտության սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ երկխոսության և բանակցությունների միջոցով, երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա:









































