«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.
«Ինչու են մեզանում պետական պաշտոնը, պատգամավորի մանդատն ընկալվում որպես փող դիզելու, բիզնես դնելու, կապեր հաստատելու, օրենքից ու հարկերից խուսափելու, արտերկրում ֆռֆռալու հնարավորություն, այլ ոչ թե աշխատելու, ինչ-որ բան ստեղծելու պարտականություն: Օրերս բարձրաստիճան մեկը բողոքում էր՝ «մի կոպեկ փող չեմ աշխատում, ուզում եմ դիմում գրեմ-գնամ»: Այս մարդու գիտակցության մեջ պաշտոն զբաղեցնելն անիմաստ է՝ եթե իր ունեցվածքն այդ ընթացքում չի աճում, փաստորեն՝ պաշտոնը բիզնեսի նման մի բան է դարձել մեզանում: Նույն կերպ են մտածում ԱԺ պատգամավորները: Երեկ լրագրողներից մեկը պատմում էր, որ ԱԺ մի պատգամավորուհի ասել է. ամեն ինչ անելու եմ, որ 5 տարում աշխարհի բոլոր երկրներում լինեմ: Թերևս հենց այդ հողի վրա էր Բրազիլիա-Արգենտինա ուղևորվող պատվիրակության մեջ ընկնելու համար կանանց մենամարտը: Բայց մի երկիր, որտեղ գործազրկության 18 հազար դրամ նպաստը կրճատում են, «Փարոսում» ներառվածների շրջանակն օրեցօր կրճատում՝ խնայողություն անելու նպատակով, չնայած աղքատության շեշտակի աճին: Որտեղ բուհերի ուսման վարձը միանգամից 30 տոկոսով բարձրացնում են՝ մեծ թվով երեխաների զրկելով սովորելու հնարավորությունից: Որտեղ ամեն օր հայտարարություններ են տարածում՝ խնդրելով փող փոխանցել այս կամ այն անբուժելի հիվանդի, այդ թվում երեխաների, կյանքը փրկելու համար… այսպիսի չհիմնավորված ծախսեր, մի խումբ անձանց համար «տուրիստական» թանկարժեք ու պետությանը ոչինչ չտվող շրջագայություններ կազմակերպելն անբարոյականություն է: Եվ ինչքան էլ խուսափենք պոպուլիզմից, չենք կարող չհարցնել. քանի՞ մարդու նպաստ կարող էին տալ այդ գումարներով, քանի՞ հիվանդի կյանք կարող էին փրկել, քանի՞ երեխա կարող էր ուսում ստանալ, հաց և տանիք ունենալ:








































