Եվրասիական միության և Եվրաատլանտյան տարածության միջև ընտրությունն Ադրբեջանի գործն է, սակայն ԱՄՆ-ը ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես արևմտամետ երկիր: Ինչպես հաղորդում է contact.az-ը, նման կարծիք է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Ադրբեջանի պետական տնտեսական համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ ելույթ ունենալիս:
Մորնինգսթարը նշել է, որ երկարատև կայունության համար կարևոր է տնտեսության դիվերսիֆիկացումը, իսկ ԱՄՆ-ը հակված է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին այս ոլորտում: Մասնավորապես, Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը (USAID) ակտիվ աջակցություն է ցուցաբերում գյուղատնտեսության ոլորտում բիզնես կառույցներին:
Անդրադառնալով Ադրբեջանի հավանական անդամակցությանը Մաքսային միությանը կամ Եվրաատլանտյան տարածությանը՝ դեսպանը նշել է, որ դա կախված է Ադրբեջանի որոշումից:
«Դուք ինձանից չեք ստանա հարցի պատասխանը, թե՝ որտե՞ղ է Ադրբեջանի տեղը՝ Եվրասիական միությունո՞ւմ, թե՞ Եվրաատլանտյան տարածությունում: Սակայն մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանը լինի արևմտամետ: Սակայն դա չի նշանակում՝ կամ ամեն ինչ Ռուսաստանի հետ, կամ ոչինչ: Գլխավորն այն է, որ Ադրբեջանը ինքնիշխան է և անկախ, անձամբ է որոշում կայացնում: Մեր 20-ամյա համագործակցությունը օգնեց պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և անկախությունը»,- ասել է Մորնինգսթարը:
Անդրադառնալով ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերին՝ Մորնինգսթարը նշել է, որ այս ոլորտում համագործակցությունը մշտական կլինի:
«Համոզված եմ, որ մենք կաշխատենք Ադրբեջանի կառավարության հետ՝ այս ոլորտում իրավիճակի բարելավման համար: ԱՄՆ կառավարությունը բացահայտորեն արտահայտել է իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ: Մենք հարցի տակ չենք դնում ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացները: Մենք կշարունակենք համագործակցությունն Ադրբեջանի հետ ընտրությունների և ժողովրդավարության ոլորտում: Դա իր արտացոլումն է գտել Ալիևին ուղղված Օբամայի ուղերձում»,- ասել է դեսպանը:










































