Չինաստանը պլաստիկ աղբի ներմուծման արգելք է մտցրել։ Ըստ վերլուծաբանների՝ սա կարող է նշանակել Մեծ Բրիտանիայում որևէ պլաստիկի հավաքման դադարեցում և Անգլիայի շրջակա միջավայրի աղտոտման ռիսկի մեծացում։ Այսօրվա դրությամբ Չինաստանը համարվում էր պլաստիկե թափոնների աշխարհում ամենախոշոր ներմուծողը և իրավիճակի փոփոխությունը կարող է անդրադառնալ այլ երկրների բնապահպանության վրա։
Այսպես, Գրինփիսի տվյալներով, Մեծ Բրիտանիան ավելի քան 2,7 միլիոն տոննա պլաստմասայի թափոն է ուղարկել Չինաստան և Հոնգկոնգ 2012 թվականից ի վեր։ Այժմ իրավիճակը փոխվում է, և թվում է, Մեծ Բրիտանիան պատրաստ չէ նոր իրականությանը։
Չնայած որ վաղուց էր հայտնի, որ Չինաստանը կարող է սահմանափակել պլաստիկի ներմուծումը, Մեծ Բրիտանիայի կողմից այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Մտցված սահմանափակումները պետք է Մեծ Բրիտանիայի համար հնարավորություն դառնային սեփական ենթակառուցվածքը ստեղծելու, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, Բնապահպանության նախարարությունը նույնիսկ «պահեստային պլան» չունի այս պարագայի համար։









































