Եվրախորհրդարանի առաքելությունը Ուկրաինային խորհուրդ է տալիս մասամբ ներել երկրի նախկին վարչապետ, ազատազրկված Յուլյա Տիմոշենկոյին. դա կլինի Ուկրաինայի խնդրի լուծման առավել իրագործելի տարբերակ՝ ասվում է մոնիտորինգային առաքելության ղեկավարներ Ալեքսանդր Կվասնևսկու և Փեթ Կոքսի հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Տարբեր տարբերակների շուրջ մի քանի ամիս տևած մտորումներից ու քննարկումների հետո առաքելությունը խորհուրդ է տվել մասամբ ներել Յուլյա Տիմոշենկոյին՝ որպես ընտրովի արդարադատությանն առնչվող մնացյալ խնդիրների լուծման առավել իրագործելի տարբերակ»,- նշվում է փաստաթղթում:
Տիմոշենկոյին ազատ արձակելու ԵՄ պահանջը Կիևի համար ամենաբարդ պայմանն է՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար: Տիմոշենկոյի քրեական հետապնդումը Բրյուսելը համարում է Ուկրաինայում ընտրովի արդարադատության դրսևորում: Համաձայնագրի ստորագրումը ծրագրվում է նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:










































