Թուրքիայի և Գերմանիայի միջև ճգնաժամը հարթված է: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների արդյունքները:
«Անկարայի և Բեռլինի հարաբերություններում առկա խնդիրներն ընդհանուր առմամբ լուծված են: Հուսով եմ՝ երկու երկրների հարաբերությունները հետագայում էլ կլավանան»,- ասել է նա:
Յըլդըրըմի խոսքով՝ Անկարան և Բեռլինը մտադիր են համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության խորացման համար:
«Անկարան ակնկալում է Թուրքիայի ներքին գործերին միջամտության քայլերից հրաժարում, որ Բեռլինը թույլ չի տա ահաբեկչական կառույցների որևէ գործողություն: Դա կենսականորեն կարևոր է Թուրքիայի համար»,- ասել է Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ այնպիսի ահաբեկչական կառույցների ներկայացուցիչները, ինչպիսին PKK-ն է, չպետք է աջակցություն գտնեն Եվրոպայի երկրներում: «Բեռլինի կողմից ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքի անտեսումը խանգարում է Թուրքիայի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն: Գերմանիայի թուրք սփյուռքի ներկայացուցիչներն անհանգստանալու ոչինչ չունեն: Թուրքիայի կառավարությունը միշտ կպաշտպանի հայրենակիցների շահերը»,- նշել է նա: