Ֆիլիպինների իշխանությունները ստիպված են դադարեցնել «Հայան» ավերիչ փոթորկի հազարավոր զոհերի հուղարկավորման գործընթացն առավելապես տուժած Լեյտե նահանգում՝ կողոպուտի ու դիակապտության դեպքերի դեմ պայքարի պատճառով: Ինչպես հայտնել է Տակլոբան քաղաքի քաղաքապետ Ալֆրեդ Ռոմուալդեզը՝ կարգուկանոն հաստատելու նպատակով աղետի գոտի ուղարկված անվտանգության ուժերը զինված ընդհարումների մեջ են ներքաշվում կողոպտիչների ավազակախմբերի հետ, ովքեր սննդամթերք և դեղորայք որոնելով թալանում են դատարկ տները, խանութներն ու պահեստները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Սննդամթերքի պահեստի թալանման ժամանակ կիսափլուզված շենքի փլատակների տակ 8 մարդ է մնացել: Ոստիկանությունն ու զինվորներն անօգնական են եղել կատաղած ամբոխի առջև:
Պաշտոնական վերջին տվյալներով՝ անցած հանգստյան օրերին Ֆիլիպիններին պատուհասած հզոր թայֆունի զոհերի թիվը հասել է 2275-ի: Վնասվածքներ են ստացել ավելի քան 3000 մարդ, ևս 84-ն անհետ կորած են համարվում:









































