«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ, ներկայում վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը:
– Պարոն Խարազյան, անակնկալ կերպով այս օրերին Թուրքիայում մի քանի մակարդակով վերսկսվեցին հայ-թուրքական հաղորդակցության վերաթարմացման, ապա նաև սահմանի բացման մասին խոսակցությունները, Թուրքիա-ԵՄ բանակցությունների ակտիվացման ֆոնին շրջանառության մեջ դրվեցին հայաստանյան ղեկավարության հետ բանակցությունների մասին նոր տեղեկություններ, տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Թուրքիա, և տեղեկություն կար, թե Ալիևն ու Էրդողանը Թուրքիայում կհամաձայնեցնեն դիրքորոշումները Հայաստանի հետ հարաբերությունների հարցում: Թեև շատերի գնահատականները հոռետեսական են, հայ-թուրքական սահմանի բացումը կարո՞ղ է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հարցում փոփոխություններ մտցնել:
– Եթե հայ-թուրքական հարաբերություններն այլ դինամիկա ունենային, իսկ հայ-ադրբեջանական հակամարտությունը և համեմատությունը լիներ հօգուտ Հայաստանի՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով, ապա միգուցե Հայաստանում տրամադրությունները ԵՄ-ի կամ ՄՄ-ի հետ ինտեգրման խնդիրներում տարբեր լինեին: Նման ըմբռնում կա: Ես չգիտեմ, թե այս ըմբռնումը որքանով է անկախ մեկ այլ կարծիքից, ըստ որի՝ խնդիրը այն չէ, թե ինչ վիճակում է Հայաստանը, և ինչ գործոններ կան, որ Հայաստանին հավաքական կերպով մղում են դեպի մեկ ուղղություն և ստիպում արհամարհել մյուսը: Խնդիրը ՀՀ հասարակության մեջ արմատակալած պատկերացումների մեջ է: Խնդիրը Հայաստանի հանրության ինքնության մասին պատկերացումների մեջ է: Այստեղ չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը կամ Ադրբեջանի հետ ՀՀ համեմատական հնարավորությունները մեծ դեր են ունենում: Այստեղ գործոնը շատ ավելի խորքային, պատմամշակութային, հոգեբանական բնույթ ունի:
– Բացառո՞ւմ եք արդյոք, որ երբ ՀՀ-ի համար ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմաններ ստեղծվեն, ապա Հայաստանի՝ ՄՄ-ում հեռանկարները շատ ավելի աղոտ կդառնան, և ԵՄ-ի հետ Ասոցացումը հնարավորինս հարթ կընթանա:
– Բայց այդ պայմաններն ո՞վ պետք է ստեղծի: Ես չեմ կարծում, թե Եվրոպան պետք է ստեղծի, և չեմ կարծում, թե այդ ճանապարհին Հայաստանին խոչընդոտում է Ռուսաստանը: Այդ պայմանները պետք է ստեղծի Հայաստանի ժողովուրդը: Հայաստանն ինքը պետք է ձգտի վերագտնել և վերակառուցել իր ինքնության այս կամ այն տարրը, որն ինչ-ինչ պատմական պատճառներով թերզարգացում է ապրել: Հայաստանյան հոգեբանությունը պետք է փոխվի, Հայաստանն ինքը պետք է ձգտի իրեն վերագտնել և վերահաստատել իբրև Եվրոպայի մաս:
Այսօր հայաստանյան հասարակության մեջ կա այն դիսկոմֆորտը, որ թեև լինելով արմատապես եվրոպական հասարակություն՝ Հայաստանն այսօր կարծես թե զարգացման մեկ այլ ուղղություն է ընտրել, և սկսում են կարծիքներ հնչել այն մասին, թե ՌԴ գնալն էլ եվրոպական ընտրության նշան է: Արմեն Դարբինյանը վերջերս արած հայտարարություններից մեկով դա էր ասում, որը իմ կարծիքով՝ անհեթեթություն է: Ռուսաստանով չեն գնում Եվրոպա, Եվրոպա լինում են և Եվրոպայի հետ ինտեգրվում են ուղղակի: Որևէ կողմնակի զարգացման մոդելի միջոցով Եվրոպային ինտեգրվելը շեղված զարգացում է: Ռուսաստանն ինքը Եվրոպային հակադրվում է այսօր, ոչ թե Եվրոպա է գնում: Կարող է Ռուսաստանում հնչեն նման տեսակետներ, թե՝ ահա, մենք Եվրոպա ենք, և Մաքսային միությունն պետք է ձգտի Եվրոպայի հետ հարաբերություններ ունենալ, որոնք կլինեն առավելագույնս, սակայն դա միանգամայն այլ խնդիր է:
– Այսինքն՝ Եվրոպայի կողմից նախաձեռնությունները Դուք բացառո՞ւմ եք:
– Ես չեմ բացառում, պարզապես ես չեմ կարծում, թե դա Հայաստանին կօգնի որևէ խնդիր լուծել: Եթե Հայաստանում հոգեբանություն չփոխվի, ներքին մղում չփոխվի՝ ուղղելու ՀՀ ռազմավարական զարգացման ուղեգիծը, որևէ եվրոպական ուղերձ, թուրք-ադրբեջանական հարցում որևէ առաջընթաց, որևէ զարգացում կամ զիջում ԼՂ հարցում չեմ կարծում, թե որևէ կերպ ազդեցություն կունենան Հայաստանի՝ ՄՄ գծի փոփոխության վրա, որովհետև այս ճանապարհը միայն հոգեբանության մեջ է:
– Ձեր համոզմամբ՝ սեպտեմբերի 3-ի որոշումը ոչ թե ռուսական ճնշումների արդյունք էր, ինչպես շատերը պնդում են, այլ հայաստանյան հոգեբանության արտացոլո՞ւմ:
– Ճնշումներ միշտ էլ լինում են, քաղաքականության մեջ միշտ կան, ընդ որում՝ բոլոր կողմերից: Քաղաքականության խնդիրը այդ ճնշումներին հակադրվելն է, ունենալ ներքին զարգացման այնպիսի ռեսուրս՝ թե քաղաքական, թե տնտեսական, թե ինտելեկտուալ, որ կարողանաս այդ ճնշումներին դիմադրել և հենվելով այլ հակադարձ ուժերի և ճնշումների վրա՝ կարողանաս զարգացման ուղղությունը պահել նախընտրած ուղղությամբ: Ճնշումներ միշտ կան. դա քաղաքականության անբաժանելի ընթացքն է, սակայն ինքդ քո ներսից ի՞նչ մղումներ ունես և ինչպե՞ս ես կարողանում այդ ճնշումներին դիմադրել՝ այ, դա է ՀՀ-ին պակասում: Ուստի որևէ կողմին չպետք է մեղադրել. ՀՀ ձախողման խնդիրը Հայաստանի մեջ է, ոչ թե Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնողների կամ այդ ճնշման բնույթի: Պետք է ունենալ բավականաչափ ողնաշար, տեսլական և կարողություն՝ դիմադրելու ճնշումներին, իսկ որոշման արմատում պետք է լինի երկրի ազգային շահը: Այսօր դա կարծես անտեսվեց:
– Պարոն Խարազյան, բայց նմանատիպ վիճակում է նաև Ուկրաինան, որտեղ եվրաինտեգրման վեկտորը վայելում էր հասարակական և քաղաքական բոլոր շերտերի աջակցությունը, բայց այստեղ ևս դժվարանում են դիմակայել ռուսական ճնշումներին: Այստեղ և՞ս այդ հոգեբանության հարցն է:
– Ուկրաինայում այդ հոգեբանությունն իսպառ չի վերացել, սակայն Ուկրաինայում չեմ կասկածում, որ այդ ճնշումները կունենան այն արդյունքը, ինչ Հայաստանում: Ուկրաինան իր քաղաքական որոշումը կարծես թե կայացրել է և անշեղորեն գնում է իր նախանշած ուղղությամբ: Հայաստանը, ցավոք սրտի, կոտրվեց, կոտրվեց ոչ թե այն պատճառով, որ ճնշումներ կիրառվեցին, այլ այն պատճառով, որ դիմադրողականությունն էր ցածր: Իսկ դիմադրողականությունը կոփում է զարգացումը ոչ մեկ օրվա մեջ, զարգացումը կոփում են առաջին հերթին շնորհիվ նրա, որ երկրում գոյություն ունի բարձր մտավորականություն, որը թույլ է տալիս երկրին դիմադրել ցանկացած արտաքին ճնշման: Եթե Դուք նկատեք այն Բաքոսյան խրախճանքը, որը Հայաստանում այսօր գնում է Ռուսաստանի հետ ինտեգրման շուրջ, ապա կհասկանաք, որ այստեղ շատ-շատ ավելի աննորմալ երևույթներ կան, քան Հայաստանի վրա որևէ արտաքին ճնշումը:
– Պարոն Խարազյան, միգուցե տեսնում եք խրախճանք, բայց պնդումներ կան, որ ՄՄ-ին ՀՀ անդամակցության հարցը տապալված է:
– Ասում են, որ Մաքսայինը չի կայանալու, դա անկենսունակ շրջանակ է, այսպես թե այնպես՝ ավելի լավ է «այո» ասել և չդիմադրել այդ անկենսունակ շրջանակին միավորվելու ճնշմանը, քան դիմադրել և կորցնել դրանով որոշ դիվիդենդներ: Ես կարծում եմ, որ սա ճիշտ տրամաբանություն չէ: Խնդիրն այն չէ, թե Մաքսային միությունը կենսունակ է, թե ոչ, խնդիրն այն է, որ Հայաստանը կոտրվում է: Ուրիշների համար միգուցե եթե Մաքսային միությունը չլինի, չի լինի նաև նրանց համար այդ ծանր որոշումը կայացնելու անհրաժեշտությունը: Եթե կայացնեն որոշում, և Մաքսային միությունը չլինի, իրենք զերծ կմնան դրա վնասներից: Սակայն այս պարագայում Հայաստանը կոտրվելու խնդիրն էր, ոչ թե Մաքսային միության կայանալու կամ չկայանալու:
– Մի շարք վերլուծաբաններ, ինչու չէ՝ նաև քաղաքական գործիչներ տեսակետներ են հայտնում, որ սա իշխանությունը պահելուն միտված որոշում էր, այսինքն՝ կար նաև իշխանության լեգիտիմության հարցը: Չկոտրվելու համար ի՞նչ էր անհրաժեշտ:
– Լեգիտիմ իշխանությունն, իհարկե, տարբերություն կունենար, սակայն կրկին արմատում իշխանության լեգիտիմության խնդիրը չէ: Իշխանության լեգիտիմության խնդիրը շատ կարևոր է, բայց ոչ լեգիմտիմ իշխանությունները ևս շատ հաճախ շատ երկրներում տանում են իմաստուն քաղաքական կուրս: Լեգիտիմ լինի, թե ոչ՝ Հայաստանը հասարակության մակարդակով տանում է միանգամայն անտրամաբանական, ինքնաոչնչացման կուրս: Ի դեպ, ես կարծում եմ նաև, որ հասարակությունն է իշխանություն ձևավորում, և հասարակությունը պետք է իր թերությունները, իր բացերը հասկանա, որ այս մտածելակեպով այլ իշխանության չի հասնի:
Իշխանությունը հայաստանյան հասարակության հայելին է: Անցած 20 տարվա ընթացքում բոլոր նրանք, ովքեր որևէ դեր ունեցել են հայաստանյան քաղաքական գործընթացի զարգացման մեջ, պատասխանատվություն են կրում այսօրվա իշխանության և այսօրվա երկրի այս ռազմավարական խղճուկ վիճակի համար՝ առաջին նախագահից սկսած մինչև վերջինը: Քաղաքական ուժերն էլ կարծես անհաղորդ են, ոչ մեծաթիվ են այն քաղաքական ուժերը, որոնք անկեղծորեն, ազնվորեն կկանգնեին ու կներկայացնեին հայաստանյան ներկայիս քաղաքական կուրսի ողջ սնանկությունը: Որևէ մեկը, ընդ որում՝ տիտղոսակիր ընդդիմությունից, չկարողացավ գնալ, կանգնել և քննադատել այս կուրսը: Բոլորն էլ այս կամ այն ձևով կամ ծափահարեցին, կամ համաձայնեցին, կամ ինչ-որ այլ կերպ աջակցություն հայտնեցին այդ հետընթացին: Կան անհատներ, ինչպիսիք են Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատները» չեմ տեսել կուսակցության մակարդակով, բայց կուսակցության առաջատար անդամների մակարդակով տեսել եմ, և կան անհատ վերլուծաբաններ, սակայն հնարավոր չէ խոսել այդ քաղաքական կուրսի որևէ կազմակերպված քննադատության մասին և որևէ այլ ուղղվածության շուրջ քննարկումների: Հնարավոր չէ, որովհետև չի եղել ուժ, որը դրա մասին խոսի: Չկա այդ կորովը, չկա այդ տեսլականը, չկա այդ հավատը, ժողովրդի մոտ չկա այդ պահանջը, կան ինչ-որ նշաններ, որ եթե լիներ առաջարկ և գոնե նվազագույն պահանջ, ապա հասարակության մեջ, Հայաստանի կուրսի մեջ դա իր արտացոլումը կգտներ:
– Եթե չկար պահանջարկ, ապա ի՞նչն էր պատճառը, որ Հայաստանը շուրջ 4 տարի ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրի շուրջ բանակցություններ անցկացրեց:
– Իմ կարծիքով՝ սա իներցիա էր, քանի որ կարծում եմ, որ զուգահեռաբար ռուսների հետ էլ էին բանակցություններ տարվում: Հայաստանում շատ բաներ են իներցիայով եղել: Այսինքն՝ ինչ-որ բաներ անում ես ոչ թե այն պատճառով, որ ցանկանում ես անել, այլ քեզ թվում է, թե ուրիշներն են ցանկանում, որ դա դու անես: Հայաստանի շատ քայլեր ահա այս տրամաբանությամբ են եղել՝ սկսած Ղարաբաղյան բանակցություններից, վերջացրած այս բանակցություններով: Ես չեմ լսել, որ որևէ մեկը մի օր հայտարարի, որ մշակվեց ծրագիր, ու իրականացվեց այդ ծրագիրը: Բոլորը խոսում են Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Անկարայի մասին: Ահա այստեղ է հանգել պետության քաղաքական իրականությունը, և այստեղ պետք է գտնել պատասխանները:
Ինչո՞ւ Հայաստանը չի ընդվզում այս որոշման դեմ. այստեղ պետք է փնտրել պատասխանները: Դատապարտված կերպով, հատուկենտ բողոքի դրսևորումներով, բայց ռազմավարական հաշտությամբ հայաստանյան հասարակությունը գլխիկոր գնում է դեպի կառափնարան. ես սա եմ տեսնում: Դա շատ ցավալի է: Այսօր Հայաստանը նույնիսկ Ադրբեջանի հետ մրցակցելուց է վախենում, ապավինում է երրորդ ուժին, այլևս մեր խնդիրը Թուրքիան և Ադրբեջանը չեն: Սա հանրային, հասարակական, ազգային ամոթ է: Այստեղ պետք է գտնենք բոլոր պատասխանները: Եթե մենք մեզ համարժեք հակառակորդին չենք կարողանում դիմադրել ինքնուրույն և ապավինում ենք գլոբալ ուժին, ապա սա պետք է ընդունել և բնորոշել որպես պետական համակարգի ձախողում:
Մարտին Լյութեր Քինգը ժամանակին ասել էր. «Երազներին հասնելը դժվար է, և եթե տեսնում ես, որ դժվար է, ոչ թե պետք է փոխել երազը, այլ պետք է փոխել երազին հասնելու ռազմավարությունը»: Իսկ հայերը նախընտրում են երազը փոխել, ոչ թե դրան հասնելու ռազմավարությունը:










































