Նոյեմբերի 12-ին Շվեյցարիայի նախկին նախագահ, արտաքին գործերի երկարամյա նախարար, ներկայումս՝ Ժնևի համալսարանում միջազգային հարաբերություններին նվիրված դասախոսությունների շարքի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի հրավերով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն դասախոսությամբ հանդես է եկել Ժնևի համալսարանում: ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դասախոսությանը ներկա է եղել նաև Ժնևի համալսարանի ռեկտոր Ժան-Դոմինիկ Վասալին:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է միջազգային, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:











































