Նարնջի հյութի գինը կարող է զգալիորեն աճել՝ կապված բերքատվության ցածր մակարդակի հետ, գրում է The Wall Street Journal-ը:
Ֆլորիդայի ցիտրուսի այգիներում տարածվում է բակտերիալ հիվանդություն, որը վարակում է նարնջի ծառերը: Հիվանդության հետևանքով մրգերը, դեռ չհասած, թափվում են:
Տարածաշրջանին սպառնում է վերջին 25 տարիների ընթացքում բերքատվության ամենացածր ցուցանիշը: Գիտնականներն ուժեղ սառնամանիքների մտավախություն ունեն, որոնք կարող են ազդել բերքի վրա:
Բերքի կանխատեսվող ցածր մակարդակը հանգեցրել է շուկայում գնային փոփոխությունների: Նարնջի հյութի ֆյուչերսների գինն անցած շաբաթվա համեմատ աճել է ավելի քան 7 տոկոսով: Որոշ թրեյդերներ կարծում են, որ ըմպելիքի ցածր պահանջարկը, որը շարունակվում է 2000-ականների կեսերից, կարող է գնաճի զսպման գործոն դառնալ:







































